Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ 2-ամյա երեխան թունավորվել է քացախաթթվից և մահացել

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ողբերգական պատահար, որի հետևանքով մահացել է երկու տարեկան երեխա։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվով» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա տղայի։ Սկզբնական շրջանում բժիշկները երեխայի վիճակը գնահատել են բավարար։

Ավելի ուշ փոքրիկին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն այնտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխային հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում։ Դեպքի առթիվ իրավապահ մարմինների կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Իրականացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Մարտունու ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, երեխան տնամերձ հողամասում խաղալիս գտել է քացախաթթվով լցված տարա և անզգուշաբար խմել դրա պարունակությունը, ինչն էլ դարձել է մահացու թունավորման պատճառ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment