ԱԺ-ն վավերացրել է ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովմանն ուղղված վարկային համաձայնագիրը

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովը վավերացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող փաստաթուղթը։

Խոսքը ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի մասին է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ու բնակապահովման պետական աջակցության ծրագրի իրականացմանը, հայտնում է 1lurer.am-ը:

Նախագծի ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 284․4 միլիոն դոլար, որից 264․4 միլիոն դոլարը նախատեսվում է որպես վարկային ֆինանսավորում։ Այդ միջոցներից 240 միլիոն դոլարը տրամադրվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային ծրագրով, իսկ 24․4 միլիոն դոլարը՝ Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի դրամաշնորհի միջոցով։

Այս համաձայնագրի վավերացման նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ և 21 ձեռնպահ ձայներով։

Քվեարկությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը՝ իր խոսքն ուղղելով հատկապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին։

Նա հայտարարել է. «Ըստ էության, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կողմ չքվեարկելով ՎԶԵԲ-ի համաձայնագրի վավերացմանը, որը միտված էր բնակապահովման խնդրին, փաստեց, որ իրենց քաղաքական ուժը դեմ է, որ մեր սիրելի տեղահանված քույրերն ու եղբայրները սեփական հայրենիքում՝ Հայաստանում, տուն ունենան»:

Ի պատասխան՝ Ազգային ժողովի փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պարզաբանել է իրենց խմբակցության ձեռնպահ քվեարկելու պատճառները։ Նա նշել է, որ քվեարկությունը վերաբերել է այնպիսի իրավիճակի և այնպիսի հիմնավորումներով ֆինանսական հաշվետվությունների պատճառաբանվածության ցածր աստիճանի պայմաններին, որ ձեռնպահ են քվեարկել:

«Սոցիալ-տնտեսական համալիր խնդիրները, որին բախված են մեր քույրերն ու եղբայրներն արդեն երեք տարուց ավելի, միանշանակ պետք է լուծվեն և կլուծվեն»,-ասել է նա:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a comment