Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրենց համատեղ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի (The Observatory for the Protection of Human Rights Defenders) շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) հետ համատեղ, լուրջ մտահոգություն են հայտնում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության կողմից կին բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների կապակցությամբ։
Փարիզ, Ժնև, Երևան, 9 հոկտեմբերի 2026 թ. — Ստորագրող կազմակերպությունները մտահոգված են, որ այս դատական վարույթները, նույն իրավապաշտպանների դեմ նախկինում իրականացված դատական գործընթացների համատեքստում դիտարկվելիս, ունեն հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերին (SLAPP) բնորոշ հատկանիշներ և կարող են զսպող ազդեցություն ունենալ Հայաստանում բնապահպանական իրավապաշտպան գործունեության և հանրային շահին վերաբերող քննարկումների վրա։
Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն կոչ են անում վերջ տալ դատական վարույթների այնպիսի կիրառմանը, որը կարող է վախեցնել, լռեցնել կամ հետ պահել բնապահպան իրավապաշտպաններին և հանրային վերահսկողություն իրականացնող այլ անձանց ու կազմակերպություններին հանրային կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ բարձրաձայնելուց։
Նազելի Վարդանյանը իրավաբան և երկարամյա բնապահպան իրավապաշտպան է, ինչպես նաև «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավարը։ Նա երկար տարիներ ակտիվորեն զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքի և դրա բնապահպանական, սոցիալական ու մարդու իրավունքների վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ իրավական և հանրային շահերի պաշտպանության գործունեությամբ։
Թեհմինե Ենոքյանը բնապահպան իրավապաշտպան, լրագրող և «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահն է, որը երկար տարիներ բարձրաձայնում է Ամուլսարի ծրագրի՝ տեղական համայնքների և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ մտահոգությունները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: