«2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ասում էր, որ տարիների ընթացքում մեր պետությունը թալանել են, պաշտոնյաները հարստացել են, և ինքը գալիս է, որ արդարություն հաստատի, այդ թալանը վերադարձնի և թալանված միջոցները վերադարձնի մեր ժողովրդին։ Նա խոստացե՞լ է մեր ժողովրդին, որ ինքը պետք է թալանի մեր պետությունը և ժողովրդին, հարստահարի մեր ժողովրդին»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
ԱԺ-ն արտահերթ նիստում վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը։ Ըստ Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի հավաստիացումների՝ վարկային միջոցները նախատեսվում են բռնի տեղահանվածների բնակարանային հարցերի լուծման համար։
Էդգար Ղազարյանն այս առիթով ասաց․ «Այս վարկային միջոցները, որը պետության համար լրացուցիչ բեռ է՝ բարձր տոկոսներով, ո՞ւմ համար են։ Ներկայացվեց, որ արցախահայության, որի ամբողջ ունեցվածքը թալանվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Հիմա եկել, նորից նոր պարտականության տակ են դնում մեր ժողովրդին։ Այս թալանի շղթան պետք է ընդհատվի»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ անդրադառնալով արցախահայերի համար իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի խնդիրներին՝ նշեց․ «Շահառուներից 6-ից մեկն է դիմել ծրագրին 3 տարվա ընթացքում։ Կառավարությունը չպե՞տք է անդրադառնար՝ ինչն է պատճառը։ Ուրեմն փոփոխության կարիք կա։ Ի՞նչն է փոխվել ծրագրում։ Որևէ պատասխան չստացանք փոխնախարարից»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, ի պատասխան ընդդիմադիր գործընկերների քննադատություններին, նշեց․ «Մարդիկ ճառեր են ասում, իսկ մենք գործ ենք անում, ու հերթական համաձայնագիրը թույլ է տալու այս հարցերին լուծում տալ։ Երբ նշում եք 5000 թիվը, դա մոլորություն է։ Բնակարան ձեռք բերելու հավաստագիր ստացել է ավելի քան 8500 մարդ, դրանից 5000-ը իրացրել է այն, և յուրաքանչյուր ամիս այդ թիվն ավելանում է։ Այս մոլորության մեջ ևս մեկ խնդիր կա․ հավաստագիր տրվում է այն մարդկանց, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն և ունեն բնակապահովման խնդիր, բայց Ղարաբաղից տեղահանված ոչ բոլոր անձինք են, որ ունեն այդ խնդիրը»։
ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: