Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ

Քաղաքականություն

12.10.2026 | 14:44

Ստոկհոլմում հայտարարվել են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրների անունները։ Դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից գիտնականներ Ռոբերտ Հոլը և Մայքլ Վուդֆորդը։

«Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան որոշել է 2026 թվականի՝ Ալֆրեդ Նոբելին նվիրված Շվեդիայի կենտրանական բանկի տնտեսագիտության մրցանակը շնորհել Ռոբերտ Է. Հոլին և Մայքլ Վուդֆորդին՝ «մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի համար»,- ասվում է X-ում մրցանակաբաշխության էջում տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ նրանց հետազոտությունները հանգեցրել են կայունացման քաղաքականության ոլորտում պարադիգմային փոփոխության։ Նրանց հետազոտությունների արդյունքում մշակված նորքեյնսյան մոդելները թույլ են տալիս բացատրել և քանակապես գնահատել, թե ինչպես է կայունացման քաղաքականությունն ազդում տնտեսական ցիկլերի վրա։ Այժմ այդ մոդելներն օգտագործվում են աշխարհի կենտրոնական բանկերի և ֆինանսների նախարարությունների կողմից։

Դափնեկիրների աշխատանքների հրապարակումից հետո այս մոդելները շարունակաբար կատարելագործվել և զարգացվել են։ Ակնկալվում է, որ այդ գործընթացը կշարունակվի նաև հետագայում, քանի որ  տնտեսությունները մշտապես փոփոխվում են։
Դափնեկիրների հետազոտությունները հնարավորություն են տվել նախկինի համեմատ զգալիորեն ավելի արդյունավետ կառավարել խոշոր մակրոտնտեսական ճգնաժամերը։ Դրանք մեծապես օգտակար են եղել վերջին տարիների համավարակի և էներգետիկ ճգնաժամերի ընթացքում։ Այդ ճգնաժամերը տնտեսական աճի և գնաճի վրա չեն ունեցել այնպիսի երկարաժամկետ հետևանքներ, ինչպիսիք արձանագրվել էին 1970-ականների ճգնաժամային ժամանակաշրջաններում։

Ընդգծվում է, որ մարդիկ չեն հայտնվել 1930-ականների աղետալի տնտեսական դեպրեսիայի նման իրավիճակում։ Տնտեսական անկումներն ու բարձր գնաճի ժամանակաշրջանները չեն վերացել, սակայն դրանց տևողությունը կրճատվել է։

2025 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին դարձել Ժոել Մոկիրը, Ֆիլիպ Ագիոնը և Փիթեր Հաուիթը։ Մրցանակը նրանց շնորհվել էր «տնտեսական աճի և տեխնոլոգիական զարգացման միջև կապի ուսումնասիրության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment