Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios

Քաղաքականություն

12.10.2026 | 14:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները հետաձգել են Մոսկվա կատարելիք այցը, հաղորդում է Axios-ը, փոխանցում է Meduza-ն։

Պարբերականի տվյալներով՝ այցը հետաձգվել է առնվազն այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա՝ արդյո՞ք Ուկրաինան և նրա դաշնակիցներ ԵՄ երկրները պատրաստ են համաձայնել խաղաղության նոր առաջարկին, որի մանրամասները հայտնի չեն։

Հոկտեմբերի 9-ին Axios-ը գրել էր, որ Ուիթկոֆն ու Քուշներն առաջ են մղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու «նոր գաղափարներ և առաջարկներ»։ Այդ ժամանակ պարբերականը հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացները նախատեսում են մինչև հոկտեմբերի վերջ այցելել Ռուսաստան և «նոր գաղափարները» քննարկել Ռուսաստանի ղեկավարության հետ։ Նույն օրը ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Թրամփի բանագնացների այցը Ռուսաստան սպասվում է «առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։

Ուիթկոֆն ու Քուշները վերջին անգամ Մոսկվա էին այցելել սեպտեմբերի 5-ին։ Դրանից հետո նրանք մեկնել էին Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Հոկտեմբերի 10-ին The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել էր ապասառեցնել Արևմուտքում արգելափակված ռուսական ակտիվների միլիարդավոր դոլարները՝ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում մասնակի հրադադարի համաձայնություն տալու նպատակով։ Հոկտեմբերի 9-ին էլ The Kyiv Independent-ը հայտնել էր, որ ռուսական կողմը պահանջում է չեղարկել պատժամիջոցների մի մասը՝ էներգետիկ հրադադարի կամ Սև ծովում հարվածների դադարեցման դիմաց։

Հոկտեմբերի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են էներգետիկ ոլորտում հրադադարի շուրջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել էր, որ Թրամփի հռչակած հրադադարը իր համար «նորություն էր»։

Հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ՝ Ռուսաստանի իշխանությունները չէին հաստատել հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment