Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի ժամկետների պահպանմանը։
Քաղաքապետը շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արին-Բերդի փողոցի հիմնանորոգման աշխատանքներում առկա՞ են ժամկետային մտահոգություններ։
Ի պատասխան՝ Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախատեսվում է շինարարությունն ավարտել 2026 թվականի վերջին կամ 2027-ի սկզբին։
«Ունեցել ենք երեք խնդիր, որոնցից երկուսը լուծված են, մեկը՝ լուծման փուլում է։ Չնչին ուշացում կարող է ունենանք, բայց ոչ էական»,- զեկուցեց վարչության պետը։
Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հորդորելով շինարարության տեմպերն այնպես կազմակերպել, որպեսզի առհասարակ որևէ ուշացում չարձանագրվի։
Տարածքի բնակիչների բազմաթիվ դժգոհություններից հետո Երևանի քաղաքապետարանը փողոցը հիմնանորոգելու մասին հայտարարել էր հունիսին՝ խոստանալով ոչ միայն ասֆալտապատում, այլ նաև լուսավորության ու ջրատար համակարգի անցկացում, կանաչապատում։ Factor TV-ն քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ Արին-Բերդի փողոցում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։
Քննարկվեց նաև Շերամի փողոցի հատվածի շինարարության հարցը, որտեղ, ըստ պատասխանատուների, ժամկետային ռիսկեր չկան, և գործընթացն ինտենսիվ առաջ է ընթանում։
Սակայն լուրջ մտահոգություն առաջացավ Նորագավիթի էստակադայի կառուցման հարցում։ Զեկուցվեց, որ շինարարական կազմակերպության կողմից նկատվում է դանդաղ մոբիլիզացիա, ինչի առնչությամբ ընկերությունը պարբերաբար պաշտոնական ծանուցումներ է ստանում միջազգային ինժեների կողմից։
Տիգրան Ավինյանը զգուշացրեց պատասխանատուներին՝ շեշտելով, որ այլևս չի հավատում բանավոր հավաստիացումներին։
«Արդեն առաջին դեղին լույսը վառվում է։ Ես արդեն մոտավորապես սցենար եմ տեսնում, թե ինչպես են տանուլ տալիս այս ծրագիրը։ Ձեզանից պահանջում եմ լինել զգոն և թույլ չտալ մեկ օր ավել ծախսել այդ ծրագրի վրա, եթե տեսնում ենք, որ այն տանում են տապալման»,- ընդգծեց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան