Ապրանքային նշանի գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով:
«Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու եւ քննարկելու» կարգի 3-րդ կետի համաձայն՝ ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա, որը ներկայացվում է Մտավոր սեփականության գրասենյակ: Հայտը ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (www.aipo.am կայքի միջոցով), որը կարող է ներկայացվել ինչպես հայտատուի, այնպես էլ նրա ներկայացուցչի կողմից։ Ներկայացված հայտը պարտադիր անցնում է փորձաքննություն:
Նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նախնական փորձաքննության արդյունքում կայացվում է որոշում՝ հայտի հրապարակման եւ ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին:
Հրապարակում, որն իրականացվում է հայտի հրապարակման եւ ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա, դրա կայացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
Հայտի ըստ էության փորձաքննություն, որն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։ Ըստ էության փորձաքննության ընթացքում ստուգվում է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսված մերժման բացարձակ եւ հարաբերական հիմքերի առկայությունը, ինչպես նաեւ ներկայացված դիտողություններն ու առարկությունները:
Գրանցում. Եթե ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա կայացվում է ապրանքային նշանը գրանցելու կամ մասնակի գրանցելու մասին որոշում, ինչից հետո սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է Գրասենյակ, գրանցվում է ապրանքային նշանը եւ տրվում է վկայական՝ 10 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ: Ի դեպ, ֆիզիկական անձինք եւ 0-ից մինչեւ 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը սահմանված պետական տուրքերը վճարում են 75% զեղչով:
Բիզնեսի կամ ապրանքային նշանի գրանցման, իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ Ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: