ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել

Քաղաքականություն

12.10.2026 | 11:22

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հաղորդել են, որ ևս մեկ նավթային գերլցանավ է բախվել ականի։ Ըստ աղբյուրի՝ այն Հորմուզի նեղուցը փորձել է անցնել չարտոնված երթուղով։ Պայթյուն է տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել, գրում է իրանական Fars-ը։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն՝ շուրջ 2 միլիոն բարել նավթ տեղափոխելու կարողություն ունեցող լցանավը փորձել է անցնել ռազմավարական նշանակություն ունեցող ծովային ուղին՝ անջատած պահելով նավիգացիոն համակարգը։

Հայտարարության մեջ նշվում է, որ շաբաթ օրվանից ի վեր Հորմուզի նեղուցում արգելված երթուղով շարժվելիս սա արդեն երրորդ նավն է, որը բախվել է ծովային ականների։

Իրանական լրատվամիջոցը գրում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Պատերազմի և ռազմավարական ծովային ուղով նավագնացության սահմանափակումների պայմաններում առևտրային նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է․ նեղուցով անցնող նավերի թիվը հասել է միանիշ ցուցանիշների։

Թեհրանը հայտարարել է, որ չի վերաբացի ծովային ուղին, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել իր պահանջները և քայլեր չի ձեռնարկել Իրանի վստահությունը վերականգնելու ուղղությամբ։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ չի նշել նավի անունը, պատկանելությունը կամ երկիրը, որի ներքո այն նավարկել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment