Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի հավաքագրման ցուցանիշներին՝ միաժամանակ խոսելով նաև ավտոբուսների երթևեկության հաճախականության մասին։
«Մենք գործարկել ենք տրանսպորտային համակարգը ամբողջությամբ։ Վճարումային համակարգի տրամաբանությունը բերել ենք որոշակի ստանդարտի, և վճարումներն ու վալիդացիաները տեղի են ունենում»,- ասել է նա։
«Փուլային ռեֆորմների գնալով՝ ունենք մի կարևոր հարց, որ օդում առկա է՝ ինչո՞ւ ենք սպասում ավտոբուսին 20-30 րոպե։ Ես կարծում եմ՝ ժամանակն է խոսենք երթևեկության խնդիրներից, մանավանդ երբ ունենք փաստեր ու տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրն ու դրան որոշակի լուծումներ սկսենք տալ»,- նշել է նա։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից՝ շեշտելով, որ երթևեկության ամենամեծ պիկերը առավոտյան ու երեկոյան ժամերին են, բայց դրանք որպես երևույթ տարբեր են. «Հանրային տրանսպորտի հոսքերը, միախառնված լինելով հիմնական հոսքին՝ մարդատար ավտոմեքենաների հոսքին, էական խոչընդոտներ է ունենում, և այս երկու հոսքերը փոխազդում են միմյանց վրա»։