Բոսֆորում նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Մալթայի դրոշի ներքո ընթացող IVYAN քիմիական լցանավի շարժիչի խափանումից հետո, հայտնում է DHA-ն։
Նավը շարժվում էր Բուլղարիայից դեպի Իտալիա և սկսել էր դրեյֆել Ստամբուլի Քանլըջա շրջանի մոտ։ Այս մասին հայտնել են թուրքական իշխանությունները։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 19:10-ին։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, 107 մետր երկարությամբ լցանավը տեղափոխում էր քիմիական նյութեր։ Շարժիչի անսարքության պատճառով նավը կորցրել է ընթացքը և հայտնվել ափի մոտ։
Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր վարչության EGM-4, TAHLİSİYE-2, TAHLİSİYE-9, KURTARMA-7 և KURTARMA-11 կատերներն ու քարշակները։ Փրկարար ծառայությունները սկսել են նավին օգնություն ցուցաբերելու գործողությունը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորով նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով։ Հրապարակման պահին լցանավի փրկարարական աշխատանքները շարունակվում էին։
Ականատեսները բջջային հեռախոսներով նկարահանել են այն պահը, երբ դրեյֆող նավը կանգ է առել ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Տուժածների կամ քիմիական նյութերի արտահոսքի մասին հաղորդագրությունում չի նշվում։