Քաղաքականություն
13.02.2026 | 12:43
Ուկրաինայի իշխանությունները, հնարավոր է, պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցություններում գնալ ամենադժվար զիջման և հրաժարվել Դոնեցկի շրջանի արևելյան մասի տարածքների նկատմամբ վերահսկողությունից, հաղորդում է The Atlantic-ի լրագրող Սայմոն Շուստերը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի երկու խորհրդականներին, փոխանցում է Meduza-ն։
Շուստերի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը երկար քննարկումներ է ունեցել Զելենսկիի օգնականների հետ Ուկրաինայի կողմից Դոնեցկի մարզի որոշակի տարածքներից զորքերը դուրս բերելու իրավական և գործնական պայմանների վերաբերյալ, որոնք պետք է բավարարի Ուկրաինան՝ միաժամանակ կանխելով ռուսական ուժերի առաջխաղացումը և տարածքների գրավումը։
«Նրանք իսկապես ստեղծագործաբար են մոտենում՝ փնտրելով ուղիներ՝ ինչպես անել, որ մարդիկ դա ընդունեն»,- ասել է քննարկումներին մասնակցած ուկրաինացի պաշտոնյան։
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը հասնում է նրան, որ Ուկրաինան ամբողջությամբ զիջի Դոնեցկի մարզի այն տարածքները, որոնք ռուսական ուժերը դեռևս չեն գրավել:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 28-ին Կոնգրեսում ունեցած ելույթում նշել էր, որ տարածքային խնդիրը միակ չլուծված հարցն է խաղաղության ծրագրում:
Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը պետք է տարածքային հարցը որոշի ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով: Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ տարածքային հարցը չի կարող լուծվել առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի