«Ոչ մի տեղ անձնական օրինակն այնքան վարակիչ չէ, որքան կռվադաշտում»։
Գ․ Նժդեհ
2015 թ. ապրիլի 4-ին ԱՀ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինության հետ մեկնեցինք հարավային Կովսական քաղաք, որը Ողջիի ափին է՝ Արաքսին միանալու տեղից մոտ 7 կմ հյուսիս։ Այդ տարիներին Կովսականը դարձել էր տարածքի կենտրոնը, ուներ միջնակարգ դպրոց, որը կոչվում էր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով։
Այստեղ հաճախ էին կազմակերպվում մարզա-մշակութային եւ այլ միջոցառումներ։ Այս անգամ Կովսականում էինք՝ ներկա լինելու մարզադպրոցի ձյուդոյի խմբակների առաջնությանը, որը կայացավ դպրոցի բակում։ Մասնակցեցին Կովսականի եւ Ուռեկանի խմբակների մոտ 40 մարզիկներ՝ տարբեր տարիքային ու քաշային կարգերում: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, հիշյալ դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:
Բերձորի մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսեսյանը շնորհավորեց օրվա առթիվ՝ նշելով, որ մրցաշարը նվիրված է կանանց միամսյակին, եւ տղաներին մաղթեց հաջող պայքար ու հաղթանակ: Մարզադպրոցի ձյուդոյի խմբակները գործում էին շրջանի հարավային թեւում՝ Կովսական քաղաքում (մարզիչ՝ երջանկահիշատակ Տարոն Պողոսյան), Փակահան (մարզիչ՝ Էլյա Մարտիրոսյան) եւ Ուռեկան (մարզիչ՝ Վրեժ Սարգսյան) գյուղերում: Բարձր քաշային կարգերում 36 կգ-ում առաջինը ճանաչվեց կովսականցի Հովհաննես Սողոմոնյանը, իսկ 43-ում՝ ուռեկանցի Դավիթ Միքայելյանը:
Այդ առաջնության մասին «Մերան» թերթում գրել էի․ «…Իսկ 50 կգ քաշային կարգում Մոնթե Հայրապետյանն ու Աշոտ Կոստանյանը հավասար էին եւ միասին արժանացան 1-ին մրցանակի, երկրորդ տեղը բաժին հասավ Գեւորգ Սարգսյանին։ Ամենաբարձր՝ 56 կգ քաշային կարգում Արման Մարգարյանը մրցակից չունեցավ: Մրցույթից հետո զրուցեցի մարզիկների հետ: Աշոտ Կոստանյանն ու Մոնթե Հայրապետյանը մտերիմ ընկերներ են։ Մոնթեն սովորում է Կովսականի Թ. Կրպեյանի անվ. միջն. դպրոցի 10-րդ դասարանում: Արդեն 4 տարի է, ինչ ձյուդոյի խմբակում է, որոշ ժամանակ առողջական խնդիր է ունեցել, դադարեցրել է մարզումները: Արդեն լավ է իրեն զգում եւ նորից թիմի կազմում է. այսօր էլ լավ հանդես եկավ: Ասաց՝ դեռ չի որոշել հետագայում ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց սպորտով զբաղվելու է: Աշոտը սովորում է Վուրգավանի դպրոցի 12-րդ դասարանում: Ձյուդոյով զբաղվում է արդեն 7 տարի, տարել է մի շարք հաղթանակներ նաեւ հանրապետական մրցույթներում: Խաղում է նաեւ ֆուտբոլ եւ ընդգրկված է շրջանի ֆուտբոլի հավաքականում․․․ Հրաժեշտ եմ տալիս մեր ձյուդոիստներին՝ հայրենիքի վաղվա պաշտպաններին՝ հավատով, որ կգա օրը, եւ մեր՝ աշխարհի ամենաարժանի երեխաները կունենան լավ մարզադպրոց ու գույք, հնարավորություն՝ ավելի լավ մարզվելու համար»:
Ցավոք, եղավ հակառակը, կորցրինք Արցախը, ազատագրված Քաշաթաղը, Քարվաճառը… Մարտադաշտում հերոսաբար կռվեցին քաշաթաղցի շատ տղաներ, նաև՝ Աշոտ Արայի Կոստանյանը, Մոնթե Ավետիսի Հայրապետյանը, Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանը։ Մարտնչում էին Մեխակավան-Ջրական-Ջաբրայիլում եւ համարվեցին անհետ կորածներ։ Հետագայում գտնվեց Աշոտի աճյունը, որն ամփոփվեց Եռաբլուրում։ Մոնթեի ու Հովհաննեսի ճակատագիրը անհայտ էր։ Կար հույս, որ տուն կգան, բայց․․․ Ձյուդոյի առաջնության օրը լուսանկարում էի մեր պատանի մարզիկներին, եւ այսօր կան այդ օրվա լուսանկարները, որտեղ Աշոտն ու Մոնթեն, Հովհաննեսը միասին են։
Կովսական քաղաքից արցախյան վերջին պատերազմում մարտիրոսվել են Գուրգեն Միրզոյանը՝ ծնվ. 1990 թ., Էրիկ Սայադյանը՝ 1994 թ., Հովհաննես Խաչատրյանը՝ 1997 թ., ժամկետային զինծառայող Հովհաննես Սողոմոնյանը՝ ծնվ. 2001-ին, պահեստազորային Մոնթե Հայրապետյանը՝ 1999 թ., բժիշկ Վլադիմիր Բալայանը՝ 1941 թ. մնացել էր քաղաքում, երբ թշնամին ներխուժել է, ճակատագիրն անհայտ է։ 2013 թ. Բերձորի մարզադպրոցը տնօրինում էր Գոռ Մանուկյանը, ով այդ ժամանակ ասաց. «2012 թ. մեր դպրոցի ձյուդո մարզաբաժնի սաները 4 անգամ մասնակցել են ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի անցկացրած մրցումներին, մինչ այդ Կովսականում անցկացվել է շրջանային առաջնություն՝ նվիրված ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակին: 2013 թ. Երևանում տեղի ունեցած ՀՀ ձյուդոյի առաջնության 1998-99 թթ. տարիքային խմբում, 38 կգ քաշային կարգում Աշոտ Կոստանյանը 16 մասնակիցների շարքում նվաճել էր երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի եւ ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի պատվոգրի։ Լավ մարզիկ է՝ միշտ պատրաստ հաղթանակի»:
Աշոտի հետ պարապում էր նաև եղբայրը՝ Կարապետը։ Բերձորի մարզադպրոցի Ուռեկանի մասնաճյուղի մարզիչ Վրեժ Սարգսյանը, նկարագրելով Աշոտին, ասաց. «Աշոտ Կոստանյանը ծնվել է Վուրգավան գյուղում 1998 թ.։ Ավարտել է գյուղի դպրոցը։ Դպրոցական տարիներին զբաղվում էր սպորտով՝ ձյուդո, ֆուտբոլ։ Երբեք չէր բացակայում ձյուդոյի պարապմունքներից, ոտքով էր հաճախ գալիս մոտ 4 կմ հատվածը։ Իմ լավագույն սաներից է, մասնակցել է մի շարք առաջնությունների եւ միշտ եղել է մրցանակակիր, նաեւ՝ լավագույնը։ Վերադառնալով Հայոց բանակից՝ ծառայության էր անցել սահմանապահ զորքերում եւ ուսանում էր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։ Պատերազմից առաջ աշխատանքի էր անցել Ուռեկանի միջնակարգ դպրոցում՝ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչ, որի կարիքը դպրոցն ուներ»։ Կենսասեր ու ընկերասեր Աշոտի երազանքն էր՝ հարազատ ծննդավայրում տուն կառուցել իր ձեռքով, բայց հերոսական վերջին մարտը տվեց 2020թ․ հոկտեմբերի 13-ին Ջրականում ու անմահացավ։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Երևանում Գոռ Մանուկյանը հիմնել է «Միհր» կրթամարզական հասարակական կազմակերպություն և «Միասին» զարգացման կենտրոն, որի շենքի հյուրասենյակում կան տարբեր լուսանկարներ։ Մուտքի մոտ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի՝ Անմահ Հերոս դարձած սաների լուսանկարներն են։
Աշոտ Կոստանյան, Մոնթե Հայրապետյան, Հովհաննես Սողոմոնյան, Հունան Խանամիրյան, Գոռ Սարգսյան, Ժորա Սարգսյան և պատերազմի վերջին օրը հերոսաբար զոհված ԱՀ ԶՈՒ գնդապետ Վահագն Բաբայան, ով իր գումարտակով անառիկ պահեց Մարտունու շրջանի՝ իրեն վստահված հատվածը։ Զարգացման կենտրոնի սաներն օրվա ընթացքում նաև պատվո պահակ են կանգնում Տղերքի լուսանկարների տակ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: