Եթե Հայաստանի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինվորին սահմանն ապօրինաբար հատելու դեպքով քրեական պատասխանատվության չենթարկեն, ապա կարելի է հետեւության հանգել, որ ՀՀ-ում պատկան մարմինները չգիտեն, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը, կամ ընդհանրապես չգիտեն նման սահմանի գոյության մասին: Իսկ եթե այդ զինված ադրբեջանցի ստահակը չդատվի ՀՀ-ում, ապա հարց կառաջանա, թե ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումների միջեւ ինչ տարբերություն կա, երբ Ջերմուկի ընդհարման ժամանակ սահմանի ճշգրտման խնդիր էր առաջացել: Եվս մեկ հռետորական հարց. ապագայում՝ ռուս սահմանապահների հեռանալուց հետո, այս ձեւո՞վ ենք պահելու հայ-ադրբեջանական սահմանը, որ ազերիներն ուզած ժամանակ մտնեն, վնաս հասցնեն մարդկանց ու դուրս գան:
Սեփական մարմնով իր երեք անչափահաս երեխաներին պաշտպանելիս հրազենային վիրավորում ստացած 37-ամյա կինը՝ Անի Ավետիսյանը, ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ազերի խուժանին հասցրել են կալանքի վերցնել՝ զրկելով հրացանը վերալիցքավորելու հնարավորությունից: Մինչ բժիշկները պայքարում են հերոսածին մոր կյանքը փրկելու համար, հարազատներն ահազանգում են պետական համակարգի ու պատկան մարմինների անտարբերության մասին: Բայց սա սովորական պատահար չէ: Անին մայրական ու քաղաքացիական աննախադեպ սխրանք է ցուցաբերել. նա կյանքի ու առողջության գնով փրկել է իր ձագուկներին՝ որպես անվեհեր արծիվ, եւ արժանի է հանրային սիրո ու պետական հոգածության:
Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի քաղաքացին սահման է խախտում: Մոտ չորս տարի առաջ ադրբեջանցի սահմանախախտը՝ Սյունիքում հատելով սահմանը, սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գիշերային պահակին, տեղում բռնվել եւ դատապարտվել ցմահ բանտարկության: Սակայն գերիների փոխանակման անվան տակ ազատ էր արձակվել եւ ադրբեջանցի գերիների հետ ուղարկվել Բաքու: Ազերիներն, առհասարակ, իրենց արտոնյալ դաս են համարում՝ որպես 44-օրյա պատերազմում հաղթած կողմ: Արցախյան առաջին պատերազմում հայերը փայլուն հաղթանակ տարան, բայց երբեք նման չտեսություններ չարեցին: Սահմանախախտումները դեռ չարիքի փոքրագույնն են, Ադրբեջանն ավելին է ուզում ստանալ Հայաստանից՝ ընդհուպ մինչեւ վերջնական կապիտուլացում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: