750 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

7 տարի առաջ Ամուլսարի ոսկու հանքավայրը մեր հասարակության կողմից ամենաքննարկվող թեման էր: Բազմամիլիոն ներդրումներից հետո ծրագիրը փաստացի կանգնել էր, բնապահպան ակտիվիստները ամիսներ շարունակ փակել էին հանքի մուտքերը և բարձրաձայնում էին այս նախագծի ռիսկերի մասին: Դրան հետևեցին բազմաթիվ պրոցեսներ՝ փորձաքննություններ, քրեական գործ, քննարկումներ, բաժնետերերի փոփոխություն… Շատերը անգամ պնդում էին, որ սա բլեֆ է, և այստեղ ոսկի չկա:

Այդ ամենը չափազանց լավ եմ հիշում, քանի որ այդ քննարկումների ակտիվ մասնակից էի և նաև ինձ էին շատ քննադատում, երբ պնդում էի, որ Ամուլսարը պետք է շահագործվի:

Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 10-ին, մեծ ուրախությամբ մասնակցեցի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի և առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվեց հանքավայրի շահագործման մեկնարկը։

750 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ (որից 150 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա) Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի:
Տարբեր գնահատականներով, Ամուլսարի պրոյեկտը

– մեր ՀՆԱ-ի վրա կունենա 1.5-2% լրացուցիչ դրական էֆեկտ,
– պետական բյուջեն կստանա տարեկան լրացուցիչ 120-130 միլիոն դոլարի հարկեր,
– ազդակիր համայնքները կստանան տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար,
– ծրագրի գործունեության արդյունքում կապահովվի ավելի քան 4 000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ,
– պետությունը նաև կստանա շահաբաժին, քանի որ կառավարությունը նախագծում ունի 12.5% բաժնեմաս, որը ՀՀ ժողովրդի լրացուցիչ բաժնեմասն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment