Այսօրվանից ուժի մեջ են մտնելու ԵՄ առևտրային ինքնավար միջոցները

ԵՄ-ն շարունակում է աջակցել հայ արտադրողներին նոր շուկաներ մուտք գործելու ճանապարհին։ Այսօրվանից ուժի մեջ են մտնելու ԵՄ առևտրային ինքնավար միջոցները։

Այս շաբաթ Երևանում ITIF 2026 ֆորումը մեկտեղել էր 38 երկրներից 250 պատվիրակների հայ արտադրողների հետ։ Ֆորումը կազմակերպել է Հայաստանի ներդրումային խորհուրդը, նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը, որն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը:

Բացման քննարկման ժամանակ ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Յոհան Հեսսեն ներկայացրեց, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանին այս ճանապարհին։ Այդ աջակցությունը ներառում է բրենդինգի և փաթեթավորման բարելավումը, որպեսզի արտադրանքն ավելի գրավիչ լինի գնորդների համար, ինչպես նաև որակի չափանիշների բարձրացումը, քանի որ հենց որակն է օգնում գրավել և պահպանել հաճախորդներին։ Կարևոր ուղղություններից է նաև հայ արտադրողներին միջազգային գնորդների հետ անմիջական կապ հաստատելու հնարավորություն տալը, ինչպես` այս շաբաթ անցկացվող ITIF-ի շրջանակում։

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցները (ATMs), որոնց շնորհիվ առաջիկա երկու տարվա ընթացքում հայկական արտատրանքի շուրջ 80%-ը ԵՄ շուկա կարտահանվի առանց մաքսատուրքերի։

Այս աջակցությամբ նպատակ ունենք, որ հայկական արտադրանքը իր սպառողին գտնի Եվրոպայում, իսկ «Արտադրված է Հայաստանում» պիտակը ճանաչելի և վստահելի դառնա եվրոպացի սպառողների համար։

ՀՀ-ՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment