Երբ վավերագրերն ավելի քան խոսուն են

ԱՐԽԻՎ

Երբ վավերագրերն ավելի քան խոսուն են

2020 թվականի հոկտեմբերի 1-7

Մենք պարտավոր ենք հիշել, թե 2020թ.  Արցախյան պատերազմի ժամանակ որ պետությունն ինչ դեր խաղաց, ով կրավորական դեր խաղաց, ով ինչ էր ասում, հայտարարում, սեպտեմբերյան վավերագրերն ավելի քան խոսուն են, դեռ կան։ Ներկայացնենք www.aravot.am –ից հատվածներ։

Հոկտեմբերի 2

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական ներգրավվածությունը՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարի բազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է: Գլխավոր քարտուղարը նաև կրկնում է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը և կոչ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդու իրավունքները և մարդասիրական օրենքները:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ընդգծել են, որ արտաքին ուժերի մասնակցությունը ուժգնացող բռնությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Համանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ շփման գծից հեռու գտնվող թիրախների նկատմամբ շարունակվող բռնությունը, ինչպես նաև ահազանգում են ավելացող քաղաքացիական զոհերի կապակցությամբ: Քաղաքացիներին թիրախավորելը և սպառնալը որևէ պարագայում ընդունելի չէ: Համանախագահները կողմերին կոչ են անում լիարժեք կերպով հետևել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իրենց միջազգային պարտավորություններին: Համանախագահները նաև ընդգծում են, որ արտաքին ուժերի մասնակցությունը ուժգնացող բռնությանը խաթարում է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու ջանքերը: 

Հայերն ապրում են Արցախում մոտ երեք հազար տարի և անհասկանալի է, թե ի՞նչ «օկուպացիայի» մասին է խոսում Ադրբեջանը. Ճապոնիայում ՀՀ դեսպան

ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ ճապոնական առաջատար լրատվամիջոցներից մեկում՝ «Mainichi» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ ներառվել են Ճապոնիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մեկնաբանությունները։
Հայերն ապրում են Արցախում մոտ երեք հազար տարի և անհասկանալի է, թե ի՞նչ «օկուպացիայի» մասին է խոսում Ադրբեջանը, որը հիմնադրվել է 1918 թվականին: Պարզապես նոնսենս է, երբ Ադրբեջանն Արցախն անվանում է իր «պատմական հողը»: Մենք հանդես չենք գալիս առհասարակ տարածքային ամբողջականության սկզբունքի դեմ, բայց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ևս պետք է երաշխավորված լինի, հատկապես երբ կա վերջինիս ֆիզիկական գոյության անմիջական սպառնալիք: Այս պատերազմում Թուրքիան բացահայտ և հրապարակային միջամտություն է իրականացրել՝ ադրբեջանական կողմին տրամադրելով զինամթերք և զինտեխնիկա, վարձկան գրոհայիններ Սիրիայից և այլն: Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 կործանիչը, խախտելով Հայաստանի հետ օդային սահմանը, խոցել է հայկական SU-25 գրոհիչ ինքնաթիռը, ինչը հիմքեր է ստեղծում նաև ՀԱՊԿ դիմելու համար։

«Կարմիր գիծն այլևս հատվա՛ծ է». Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ չափազանց վտանգավոր է հայտնվել՝ զինյալ գրոհայինների դեմ հանդիման

Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Եվրոպական խորհրդի արտահերթ նիստից հետո այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Մեր սեփական տեղեկություններով արձանագրել ենք, կարող եմ անձամբ հաստատել, որ 300 գրոհային մեկնել է Սիրիայից և ժամանել Բաքու Գազիանթեփով։ Վերոհիշյալ գրոհայինների ինքնությունը, գործունեության աշխարհագրությունը հայտնի են, նրանք նույնականացված են։ Սերում են Հալեպի շրջանում գործող ջիհադիստական խմբավորումներից։ Արձանագրված փաստ է։ Մոտավորապես նույն չափի այլ խմբավորումներ ևս պատրաստվում են։ Չէի ցանկանա Ձեզ ասել, որ սա կարմիր գիծ է, քանի որ կարմիր գիծն արդեն իսկ հատված է։ Կարմիր գիծն այլևս հատվա՛ծ է։ Եվ երբ ես ցույց եմ տվել կարմիր գիծը, այն մատնանշել եմ այլ դեպքերում, օրինակ, Սիրիայի համատեքստում, այդժամ իմ արձագանքը չի ուշացել։ Ասում եմ, որ դա անընդունելի է:
Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից։

Հոկտեմբերի 3

Իլհամ Ալիևը պետք է Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնի. Ալֆրեդ դե Զայաս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնի։ Այս մասին Թվիթերում գրառում է արել միջազգային իրավունքի ՄԱԿ-ի նախկին փորձագետ, իրավաբան Ալֆրեդ դե Զայասը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դատվի միջազգային քրեական դատարանում 6-րդ հոդվածով՝ ագրեսիա հանցագործությունն իրականացնելու համար»,- գրել է նա։

Անընդունելի են օտարերկրացի վարձկանների ներգրավումը և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները. ԵԱՀԿ ԽՎ անդամ

«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին լուրերը տագնապալի են և հանգեցնում են բազմաթիվ մարդկային զոհերի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսմանն ականատես լինելը զգայուն պահ է: Այժմ առավել քան երբևէ հրատապ է հրադադարի և երկխոսության փուլի վերսկսման միջազգային կոչով դիմելը», – հայտարարում է «Հինգ աստղ» շարժման պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ անդամ Նիկոլո Ինվիդիան:

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հանրապետության մեծարգո/Նորին Գերազանցություն/ նախագահին խնդրել փոխանցել Ադրբեջանին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին Չիլիի ցանկությունը, առ այն, որ հարձակումներն անմիջապես դադարեցվեն, և շարունակվի հակամարտության խաղաղ, իրավական և պատմական լուծման որոնումը` ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում` հետևելով միջազգային իրավունքին` ուժի կիրառման արգելքի իր սկզբունքների համաձայն, հարգելով պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդների ինքնորոշումը և վեճերի խաղաղ կարգավորումը: 2. Հանրապետության Նորին Գերազանցություն նախագահից պահանջել բոլոր միջազգային ատյաններում և ֆորումներում, որոնց նա մասնակցում է` լինեն դրանք գլոբալ, տարածաշրջանային կամ երկկողմ, հանդես գալ կոչով` հորդորելով բոլոր անդամ պետություններին կոչով դիմել հակամարտող կողմերին` խաղաղ լուծում գտնելու նպատակով: 3. Մերժել հակամարտող կողմերից բացի, ցանկացած այլ պետության` ռազմական գործողություններին աջակցելու և ռազմական օգնություն ցուցաբերելուն ուղղված կոչերը»:

Հոկտեմբերի 4

Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին

«Գիտեք, նայած կարգավորում ասելով, ի՞նչ նկատի ունեք: Իրականում այս կոնֆլիկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այս կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Պարզապես քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այս կոնֆլիկտի արդյունքում՝ սկսած 1988 թվականից գտնվում է գոյութենական վտանգի ներքո, Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի թիկունքին, չի կարող անպաշտպան թողնել: Սա է ամբողջ ճշմարտությունը»:

Հոկտեմբերի 6

ԵԱՀԿ ԽՎ. Արյունահեղությունը Ղարաբաղում պետք է դադարեցվի

«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կրկնել է Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու կոչը՝ ի շահ քաղաքացիական բնակչության։ Նա նորից է կոչ արել վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտականություններին համապատասխան՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար։ Անցյալ շաբաթվա ընթացքում նա անմիջական կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, որպեսզի ընդգծի այդ հարցում ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը, ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ»

Հոկտեմբերի 7 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ–ում

Նախագահի կոչում, մասնավորապես, նշված է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։ Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ «Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է», – ընդգծված է կոչում:

Ֆրանսիայի ԱԳՆ. Թուրքիան ռազմական առումով ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

«Նորությունն այն է, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի հակամարտությունում։ Դա հղի է հակամարտության միջազգայնացման ռիսկով»,- ասել է Լե Դղիանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել էր Ղարաբաղում սիրիացի գրոհայինների տեղակայման  փաստը։

շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
09.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment