ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործման և դասախոսական կազմի վերապատրաստման հարցում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն՝ ներկայացնելով սեպտեմբերին միջազգային գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպումների արդյունքները։
ԱԱԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործման և դասախոսական կազմի վերապատրաստման հարցում:
ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն ու աշխատակիցները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակության հետ։ Սեպտեմբերի 30-ին հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ Վտանգների նվազեցման գործակալության Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակության հետ։
Քննարկվել են պետական սահմանի պահպանության և սահմանապահների մասնագիտական պատրաստվածության հարցեր։ Կարևորվել են ուսուցման ժամանակակից մեթոդները, միջազգային համագործակցությունն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի համար միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգի ստեղծումը։
«Ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում հատկապես շեշտադրվել է ԱՄՆ ՊՎՆԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսման և վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ հետագա աջակցության կարևորությունը։ Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի լրամշակման, կատարելագործման ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորվել են DCAF-ի փորձառությունն ու համագործակցությունը՝ սահմանապահ զորքերի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձնակազմերի կրթության կազմակերպման հարցում։
ԱԱԾ-ն հայտնել է նաև, որ սեպտեմբերին սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներից կազմված պատվիրակությունն ուսումնական այցով գտնվել է Ֆինլանդիայում։ Այցը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության աջակցությամբ՝ «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակներում։
Պատվիրակությունն այցելել է Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, ծանոթացել դրա կառուցվածքին և ուսումնական գործընթացին։ Աշխատակիցները եղել են նաև պետական սահմանի հատվածներում ու Հելսինկիի միջազգային օդանավակայանում, ուսումնասիրել են սահմանային վերահսկողության գործառնական ընթացակարգերը։