Սահմանադրական դատարանը խուսափում է ՀՀ կառավարության ծրագրում տեղ գտած հակասահմանադրական մոտեցումներին գնահատական տալուց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը` մեկնաբանելով ընդդիմության դիմումը մերժելու որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների դիմումը ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին որոշման սահմանադրականության հարցը քննելու մասին։ Ըստ ընդդիմության` կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով պետությունը միջամտում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին։
«Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ այս հարցերը պետք է լինեն քաղաքական քննարկումների և քաղաքական պատասխանատվության տիրույթում։ Երևի թե Սահմանադրական դատարանը շատ անուղղակի կերպով փորձ է արել ընդգծելու, որ կառավարության ծրագրի մեջ տեղ գտած այդ մոտեցումները նորմատիվային որևէ բաղադրիչ չունեն»,– ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` վարույթից խուսափելու համար Սահմանադրական դատարանը փաստացի նվազեցրել է կառավարության ծրագրի իրավական կշիռը` այն դիտարկելով որպես բացառապես քաղաքական կարգավիճակ ունեցող փաստաթուղթ, որը պետք է գտնվի քաղաքական բանավեճի, քաղաքական քննարկումների, քաղաքական գնահատականների և ոչ սահմանադրական արդարադատության տիրույթում։
Վարդևանյանն ընդգծեց` ընդդիմությունը Սահմանադրական դատարանի որոշման հետ համաձայն չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ ստեղծված իրավիճակը բացառիկ է։
«Ստացվում է, որ եթե Սահմանադրական դատարանը ունենար մի իրավիճակ, երբ կառավարության` իրենց ձևակերպմամբ` քաղաքական ծրագրում տեղ գտներ մարդու կյանքի իրավունքին միջամտող դրույթ, նպատակ, ցանկություն, մտադրություն, դա՞ էլ պետք է դիտարկեին որպես քաղաքական, որին չպետք է գնահատական տան։ Սա՞ է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մոտեցումը»,– նշեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը
Նա շեշտեց` Սահմանադրական դատարանն այս որոշմամբ հերթական անգամ ցույց է տալիս, որ որոշակի սուր իրավիճակներում նախընտրում է ոչ թե գնահատական տալ, ներքաշվել բանավեճի մեջ և սահմանադրական ելակետն ընդգծել, այլ ուղղակի խուսափել հարցի քննությունից։
Վարդևանյանը նշեց` Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում դեռևս չի եղել իրավիճակ, որ կառավարության ծրագրին հավանություն տալու գործընթացը և բուն կառավարության ծրագիրը հանդիսանան Սահմանադրական դատարանում քննության առարկա։ Ընդդիմության դիմումն այս առումով աննախադեպ է։
«Պատճառը պարզ է։ Որովհետև երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետությունում կառավարության ծրագիր, որը պարունակեր թեկուզև քաղաքական բնույթի ձևակերպումներով հակասահմանադրական մոտեցումներ»,– ասաց Վարդևանյանը։