Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ անցկացվել է ժողով, որին մասնակցել են Մայր Աթոռում ծառայող եպիսկոպոսները, Հայաստանի թեմերի առաջնորդներն ու առաջնորդական տեղապահները։ Ժողովը հայտարարություն է ընդունել՝ նշելով, որ «վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց եկեղեցու իրավունքները»:
«Մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական գործողությունների ուղղորդման ներքո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։ Այս նախաձեռնությունը հերթական անգամ ոտնահարում է կրոնական ազատության և եկեղեցու ինքնավարության միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքները, որով լրջորեն կասկածի տակ է դրվում երկրում օրենքի գերակայությունը։
Իշխող քաղաքական ուժն ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշումներով և եկեղեցական գործունեության արհեստական խոչընդոտմամբ փորձեր է կատարում միջամտելու Հայոց եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։
Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար։ Ստեղծված քննիչ հանձնաժողովին վերապահվել են օրենքով չնախատեսված լիազորություններ և իրավասություններ՝ եկեղեցու կանոնական իրավասու մարմինների փոխարեն որոշելու եկեղեցու ներքին կյանքին և կառավարմանը վերաբերող տարբեր հարցերի կանոնական պատշաճությունը։
Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որևէ կերպ արդարացված չեն եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը։
Ի սկզբանե կեղծիքներով, զրպարտություններով ու մոլորություններով հիմնավորված այս գործընթացն անխուսափելիորեն բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, առաջ է բերելու նոր պառակտումներ, հասարակության մեջ տեղիք է տալու թշնամանքի ու անհանդուրժողականության։ Մինչդեռ հայրենի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պարտավորեցնում են ամենքիս լինել միասնական, համերաշխ և հաստատակամ։ Հորդորում ենք մեր Սուրբ եկեղեցու զավակներին պահպանել հոգևոր զգոնությունն ու աղոթական հանդարտությունը և հակաեկեղեցական մերժելի այս երևույթների հանդեպ իրենց դիրքորոշումն արտահայտել միմիայն արժանապատիվ ու օրինական եղանակներով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց Եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները։
Թող Երկնավոր Տերը խաղաղ և անվրդով պահի Հայաստան աշխարհը, համախումբ՝ հավատավոր մեր ժողովրդին, անսասան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր բոլոր կառույցներով ի սփյուռս աշխարհի։ Իմաստություն, հավատ և հուսառատություն ամենքիս՝ արժանապատվորեն հաղթահարելու մերօրյա փորձությունները»,- նշված է հայտարարությունում։
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: