Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալել են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանին, որն այս պահին նույն դպրոցի ԿԱԴԱՀ՝ Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողն է։
Թե որն է կնոջը ձերբակալելու պատճառը, առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն Aravot.am-ին դեռ մեկ շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ կաշառք տալու, ստանալու կասկածանքով Ամասիայի ոստիկանությունը սկսել էր ուսումնասիրություն, փաստաթղթեր էր կազմել՝ դրանք ուղարկելով հակակոռուպցիոն կոմիտե։
Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ Ամասիայի ոստիկանությունը սեպտեմբերի 14-ին տեղեկություններ էր ստացել, որ դպրոցի նախկին տնօրենը աշխատանքից չազատելու պայմանով նույն դպրոցի գիշերային պահակ Մ․Ս․-ից ու նրա կնոջից՝ այդ նույն դպրոցում որպես հավաքարար, բակապահ ու ցերեկային պահակ աշխատած Ա․Ս․-ից, երկու տարի շարունակ յուրաքանչյուր ամիս պահանջել ու ստացել է աշխատավարձերից 50 հազար դրամ։ Ամուսինները հրավիրվել էին ոստիկանություն՝ ներկայացնելով նույնաբովանդակ հաղորդումներ։
Գործը սկսել էր քննել հակակոռուպցիոն կոմիտեն։
Թե որքանով է հիմնավոր այս ամենը, կպարզեն իրավապահները, սակայն նկատենք, որ այս դպրոցում տարիներ շարունակ ինտրիգներ են հյուսվում, քրեական գործեր հարուցվում, պաշտոնակռիվներ մղվում, կան խիստ շահագրգիռ անձինք։
Այս մասին ժամանակին բարձրաձայնել է Լուսինե Մելիքյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Հիշեցնենք նաև, որ հենց այս դպրոցում էր մի տգեղ պատմություն տեղի ունեցել․ կոլեկտիվի անդամներից մեկը նմանակել էր պաշտոնատար անձի, ինչը նկարահանել էր դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը, ու այն երկու տարի անց հայտնվել էր այդ նույն Ամասիայի ոստիկանության ձեռքում, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով գործն անմիջապես ուղարկվել էր Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: