«Երբ մտնեք տուն եւ ձեր երեխաների ներկայությամբ զինված ադրբեջանցի տեսնեք, սուրճ, թեյ հյուրասիրեք, զանգեք 1-02 կամ ԱԱԾ ու սպասեք, որ գան». Դերենիկ Մալխասյանի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրողներին

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործով դատավարությանը՝ այն որակելով որպես ֆարս։

«Դեռեւս մայիսի կեսերից, երբ ձերբակալեցին Անդրանիկ Թեւանյանին, Նիկոլ Փաշինյանը, նրա պաշտոնյաներն ու պատգամավորները տարբեր խոսափողների մոտ գոռգոռում էին, թե հասեք, բռնեք, լրտես ենք գտել, որը $622 հազարի դիմաց պետական գաղտնիք է վաճառել, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Եվ, օ՜հ, զարմանք։ Կարծեմ, օգոստոսին մեղադրանքը պաշտոնապես մտնում է դատարան, եւ այդ մեղադրանքում, ինչպես նշում են փաստաբանները եւ նույն Անդրանիկ Թեւանյանը, արդեն այդ ամբողջը, ինչի վրա կառուցված էր Նիկոլ Փաշինյանի գեբելսյան քարոզչությունը, գոյություն չունի։ Չկա $622 հազարը, չկա օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու հանգամանք, չկա պետական գաղտնիք վաճառելու հանգամանք։ Կա, կարծեմ, ինչ-որ պետական գաղտնիք հրապարակելու հանգամանք։ Եվ այս դատական ֆարսը, ինչքան էլ զարմանալի լինի, շարունակվում է։ Եվ սա լինելու է մեր արդարադատության խայտառակ գործերից մեկը։

Անդրանիկ Թեւանյանի գործով մեկ կարեւոր հանգամանք եմ ուզում շեշտադրել։ Դա այն է, որ Անդրանիկ Թեւանյանի գործը աշխարհաքաղաքական հստակ մոտիվներ ունի։ Ակնհայտ է, որ, ինչպես նշում է Անդրանիկ Թեւանյանը, նույնիսկ մեղադրանքում կա գրված, որ ինքն ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվել եւ պաշտպանել է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու գաղափարը։

Անդրանիկ Թեւանյանի դատական գործը ցուցիչ է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ինչ հարաբերություններ կկառուցի, Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆունդամենտալ ապամոնտաժման ճանապարհո՞վ, թե՞ կարելի է սպասել դեպի դրական կողմ ինչ-որ փոփոխությունների»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։

Բանախոսն անդրադարձավ նաեւ, իր խոսքերով ասած, ադրբեջանցու «վոյաժներին» Հայաստանի Հանրապետությունում։ «Շաքիի դեպքը արդեն քանի օր քննարկվում է, եւ մենք ահավոր դրսեւորումների ենք ականատես լինում կոնկրետ Հայաստանի իշխանությունների կողմից։ Ակնհայտ է, որ փորձում են Շաքիում տեղի ունեցած այդ ողբերգությունը մեղմել։ Հատկապես՝ ադրբեջանցու մասնակցությունը այդ ամեն ինչին։ Նույնիսկ երանգներ են նկատվում, որ փորձում են ինքնապաշտպանության դիմած կնոջը հանրային ընկալման մեջ նաեւ ինչ-որ մեղադրանք ներկայացնել։ Ինչի՞ մասին է Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ այ, եթե սպասեր, ոստիկանները, ուժայինները կգային, եւ հարցը կկարգավորվեր։ Ես չգիտեմ՝ ինչ ասել այս առումով։

Ես ուղղակի խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին, որ երբ մտնեք ձեր տուն եւ ձեր երեխաների ներկայությամբ զինված ադրբեջանցի տեսնեք, սուրճ, թեյ հյուրասիրեք, զանգեք 1-02 կամ ԱԱԾ ու սպասեք, որ գան։ Գուցե մի փոքր ուշանան, բայց սպասեք։ Ոստիկանը ընդդիմադիր պետք է ձերբակալի, ասֆալտին ծեփի, որովհետեւ Նիկոլին պաշտպանելու առումով լուրջ գործերով է զբաղված։ Սա վերաբերում է հատկապես Նիկոլ Փաշինյանին ընտրողներին։ Դուք ընտրել եք իրեն, հավատում եք իր մոտեցումներին, իր հայտարարություններին, հետեւաբար, ձեր տուն որ մտնեն, հանգիստ նստեք, սպասեք։
Ոչինչ, երեխաներին կվնասի, կսպանի։ Դե հիմա ինչ է, հո չե՞ք ոտնձգելու խաղաղության նկատմամբ։

Ադրբեջանցուն վնասեք՝ խաղաղությունը կարող է տուժել, կարող է պատերազմ սկսվի, Ալիեւը կարող է նյարդայնանալ։ Հետեւաբար, պետք չէ նման բաներ անել։ Այս առումով հետեւեք Նիկոլ Փաշինյանի խորհրդին։

Իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է խոստովանել։ Կարծեմ՝ 2023 թվականի աշնանն էր։ Մեծ մամուլի ասուլիս էր տալիս, որտեղ ինքը նշեց, որ իրենց իշխանությունը տապալել է Հայաստանի արտաքին անվտանգությունը։ Եվ ես հավատացի այդ հայտարարությանը»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment