ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Միջազգային քրեական դատարանի նկատմամբ

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ դատարանի նախկին դատավոր Նավի Փիլային Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումից ժամեր անց, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Թրամփի վարչակազմը տևական ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը դատարանից: Մասնավորապես, ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են, որ դատարանը հրաժարվի Իսրայելի ղեկավարների ձերբակալման օրդերից, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկյան զորքերի վերաբերյալ անցյալում հարուցած քննությունից:

Վաշինգտոնն արդեն իսկ պատժամիջոցներ էր կիրառել ՄՔԴ դատավորների և դատախազների նկատմամբ, սակայն այսօր ավելի հեռուն է գնացել՝ պատժի սպառնալիքի առջև կանգնեցնելով դատարանին ծառայություններ մատուցող ընկերություններին:

«Նախագահ Թրամփը երբեք Միջազգային քրեական դատարանին թույլ չի տա հետապնդել ամերիկացիներին», – Reuters-ի փոխանցմամբ՝ ասված է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունում:

«Այդ իսկ պատճառով այսօր Միացյալ Նահանգները պատժամիջոցների է ենթարկում Միջազգային քրեական դատարանը: Մենք կարգելենք գործարքները այս անպիտան դատարանի հետ՝ կտրելով նրանց ռեսուրսները և կաթվածահար անելով գործելու դրա ունակությունը», – հայտարարում է Ռուբիոն:

ՄՔԴ դատախազի տեղակալ Նաժաթ Շամիմ Խանը դատապարտել է պատժամիջոցները և վստահեցրել, որ դրանք չեն կանգնեցնի դատարանի աշխատանքը:

«Պատժամիջոցները միտված են խաթարելու օրենքի իշխանությունը միջազգայնորեն և աշխատանքը, որ անկախ դատական կառույցը կատարում է», – Reuters-ին ասել է Խանը՝ շարունակելով. – «Մեր աշխատանքը շարունակվելու է՝ մեր բոլոր իրավիճակներով, հետաքննություններով և հետապնդումներով»:

Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 2002 թվականին միջազգային հանրության կողմից՝ պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները քննելու համար: Միացյալ Նահանգները երբեք չի անդամակցել դատարանին:

Հայաստանը Միջազգային քրեական դատարանին միացել է 2024 թվականի փետրվարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment