Քաղտեխնոլոգ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով զենքով ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու եւ Շաքի գյուղում երեք անչափահաս երեխաների մորը հրազենային վնասվածքներ պատճառելու հանգամանքների մասին ԱԺ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ նշեց, որ նախ եւ առաջ դեռ պետք է պարզել այդ ներթափանցման իրական շարժառիթները:
«Ես, իհարկե, չեմ բացառում պաշտոնական վարկածը, որը ծնվել է Ադրբեջանում, որ սա ուղղակի մոլորված զինվոր է: Բնականաբար, կարող է լինել: Քննությունը դեռեւս չի ավարտվել, բայց Փաշինյանը նույն պայմաններում պնդում էր, որ սա մոլորված զինվոր է, որ սովորական միջադեպ է, որը կարող էր չլինել, եթե մայրը բնազդներով չշարժվեր եւ սպասեր ընդամենը, թե երբ է գալու ոստիկանությունը: Նա ասում էր, որ դեռեւս պարզ չի, թե ինչ է եղել, պարզ չի, թե դատարանը ինչ կորոշի, բայց ինքն արդեն փաստացի դատապաշտպանի դերակատարում ուներ ու թերեւս արդեն մեղադրում էր այդ կնոջը, որ իր տուն ներթափանցած թշնամու հանդեպ դրսեւորեց բավականին ճիշտ գործողություններ»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը, վերլուծելով տեղի ունեցածը, եկել է մի շարք մտահոգիչ հետեւությունների։
«Առաջին: Ամենակարեւորն այն է, որ սա կոտրեց այն միֆը, որ կա կայուն խաղաղություն: Սա ցույց տվեց, որ այդ կայուն խաղաղությունը չկա իրականում, որ գետնի վրա ռազմաքաղաքական ուժային բալանս չկա: Ցանկացած խաղաղություն ոչ թե ցանկություն է, կենացի մակարդակով թույլը եւ ուժեղը, հաղթողն ու պարտվածը սեղանի շուրջ նստում եւ պայմանավորվում են ինչ-որ բանի մասին, որ այսուհետեւ զուտ խաղաղություն է լինելու, խաղաղ են ապրելու, այլ դա լինում է, եթե 30 տարի միմյանց հետ պատերազմի մեջ գտնվող երկրների միջեւ ռազմաքաղաքական բալանս գոյություն ունի: Եվ այդ բալանսի հիման վրա է լինում արդար խաղաղություն:
Շեշտում եմ՝ արդար խաղաղություն։ Դա շատ լավ հասկանում են Ադրբեջանում եւ անընդհատ պնդում են, որ իրենք չեն ուզում պայմանագիր կնքել գործող իշխանության հետ, այլ ուզում են պայմանագիր կնքել ժողովրդի հետ: Այս դեպքը ցույց տվեց, որ խաղաղությունը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը Նիկոլ Փաշինյանի խոսքերով ասած՝ Նիկոլ Փաշինյանը չէ, այլ Իլհամ Ալիեւն է, որը այս հարաբերական խաղաղության երաշխավորն է: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խաղաղություն է, որովհետեւ հիմա սահմաններում չեն կրակում, բայց մենք տեսանք, որ սահմաններում չեն կրակում, բայց մտնում ու կրակում են սահմանից այս կողմ, Հայաստանի ներսում:
Երկրորդ։ Սա թեստ էր, թե ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում այսօրվա իշխանությունների կառուցած անվտանգային համակարգը, որքանով է էֆեկտիվ, որքանով է ունակ պաշտպանել երկիրը ավելի լուրջ միջադեպերից: Եթե սա մեկ զինվոր է, որն ըստ պնդումների դիվերսանտ չէ, անցնում է սահմանը եւ երկու-երեք օր կարողանում է թաքնվել բանակից, անվտանգության մարմիններից, երեւի ոստիկանությունից, ռազմական ոստիկանությունից եւ այլ պատկան ստորաբաժանումներից, ուրեմն այդ մարդը, գոնե իմ պատկերացմամբ, բավականին լավ պատրաստված է, բավականին լավ գիտի տեղանքը առնվազն քարտեզի մակարդակով եւ պատրաստված է թաքնվելու, եթե հետապնդում են:
Իսկ այսօրվա տեխնոլոգիական դարում, որ նույն իշխանության փաստացի ղեկավարը պնդում էր, որ դրոններ էին օգտագործում, տեխնոլոգիական նորագույն միջոցներ, դիվերսանտ չլինելով՝ կարողանում է ամբողջ եևեք օր Հայաստանի ուժային կառույցները շրջանցել, մտնել գյուղ, ինչ-որ գործողություններ անել ու, շեշտեմ, վնասազերծվել ոչ թե ուժային կառույցների, այլ հենց քաղաքացիական բնակչության կողմից, սա ամեն ղեպքում հարցեր առաջացնում է, թե ինչ որակավորում ունի հիմա կալանավորված այդ ադրբեջանցի զինվորը: Այսինքն՝ անվտանգային համակարգը առնվազն թեստը չանցավ:
Երրորդ: Մենք, իսկ Ադրբեջանը ավելի շատ, տեսավ, թե Հայաստանի ղեկավարությունը ինչ ռեակցիա կարող է տալ նման պարագաներում եւ ինչ կաշկանդվածություն ունի Ադրբեջանից: Եվ սա մտորումների տեղիք է տալիս: Իշխանությունը պնդում էր, թե գիտի, որ երկու-երեք օր ադրբեջանցի կա Հայաստանի տարածքում ու չի նախազգուշացնում տեղի բնակչությանը՝ պատճառաբանելով, որ խուճապ չառաջացնի:
Սա այնքա՜ն ոչ պրոֆեսիոնալ պնդում է։ Նույնն է, թե ռեցիդիվիստ հանցագործ է փախել, ու այդ ինֆորմացիան ընդհանրապես չտաս մեդիա դաշտով, հեռուստատեսությամբ, որովհետեւ դա կարող է ամբողջ երկրով պանիկա առաջացնել: Բայց դա ընդունված ձեւ է:
Այդ ո՞նց է լինում, որ ջուրը աղտոտված է լինում ու հայտարարում են, ու դա պանիկա չի առաջացնում, իսկ այս դեպքով պանիկա կառաջացներ: Սա արդեն աշխատաոճ է: Այնպես որ, շատ հարցեր առաջացան: Եվ ամենակարեւորը, որ մենք տեսանք, իշխանության մեջ կա շատ մեծ կաշկանդվածություն, նրանք, ըստ էության, մեծ ճնշման տակ են աշխատում Ադրբեջանի կողմից: Եվ նույնիսկ հարցին, թե այս ծանր հանցագործությունը կատարած ադրբեջանցուն հանձնելո՞ւ են, պատասխանը իշխանությունը հնարավորինս լղոզում էր ու հընթացս էլ տվյալ պարագայում իր ոճով փորձում էր մեղավորությունը գցել ընդդիմության գրպանը»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: