«Փաստորեն, իշխող ուժը նախ մինչև ընտրություններն է խախտումներ իրականացնում, դաշտը քրեաիրավական մեխանիզմներով, տարբեր բռնաճնշումների միջոցով ֆիլտրում, մաքրում, մի հատ էլ ընտրությունների բուն քարոզարշավի ընթացքում է երկրորդ ալիքը սկսել, որպեսզի հանկարծ իրենք որևէ խնդիր չունենան՝ իրենց ուզած սցենարով ընտրությունները տանելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելությունների արձանագրած մտահոգությունների մասին հարցին։
Այսօր «Ականատես» և «Ազատ քվե» դիտորդական առաքելություններն իրենց հրապարակած զեկույցներում մտահոգություններ էին հայտնել ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառման, դիտորդների նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարյացկամ վերաբերմունքի և այլ խախտումների մասին։ Նկատենք, որ եթե համապետական ընտրություններում ընտրախախտումների մեղավոր փորձ էր արվում «նշանակել» ընդդիմադիր ուժերին, ապա ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությունը բավական պասիվ է․ հիմնականում մրցակիցները իշխանական տարբեր ճամբարների ներկայացուցիչներ են։
«Հայաստանի նման գերակտիվ քաղաքական մթնոլորտում երկրում նույնիսկ տարածաշրջաններ կան, որ մեկ թեկնածու է կամ մի ուժ է առաջադրվել․ այսինքն՝ իշխող ուժն է առաջադրվել։ Նույնիսկ թոհուբոհի մեջ չգտնվող կուսակցությունների ներկայացուցիչները ցանկություն չեն հայտնում իրենց կամքից, բնականաբար, անկախ հանգամանքներով մասնակցել տեղական ընտրություններին և ավագանու խմբակցություն գոնե ունենալ։
Թումանյան համայնքում ականատես եղանք․․․ Քաղաքական բռնաճնշումների մթնոլորտ է ստեղծվել, որ մարդիկ իրենց, իրենց ազատության նկատմամբ ունեցած վերաբերմունքից ելնելով նույնիսկ չեն ցանկանում մասնակցել ընտրարշավին։ Խնդիրը հենց սրա մեջ է ավելի շատ։ Իսկ հիմա էլ արդեն սկսել են այդ նույն մեթոդները կիրառել նաև քարոզարշավի ընթացքում․ այդ մթնոլորտում են անցնում Հայաստանում ընտրությունները»։
Հարցին՝ առհասարակ ճի՞շտ եք համարում, որ ընդդիմությունը տեղական ընտրություններին ավելի պասիվ է մասնակցում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պասիվության պատճառների մասին արդեն խոսեց՝ քաղաքական բռնաճնշումներն են դրանք, բայց այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը միասնական թեկնածու է առաջադրել, ովքեր իշխանություններին իրական այլընտրանք ընդդիմադիրներ են, «Ուժեղ Հայաստանը» կաջակցի․ «Մասնակցության պասիվության երկու պատճառ կա․ մեկ, որ, կոնկրե՛տ մեր ուժի մասով, տեսնում ենք, որ տեղերում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ չեն ցանկանում մասնակցել, և նաև տեղեր կան, որտեղ որ մեր հետ համագործակցության մեջ գտնվող կուսակցություններն են մասնակցում ընտրություններին՝ կաջակցենք իրենց»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: