Հայ պաշտոնյային մեղադրում են խարդախության մեջ

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները կեղծ հավաստագրերի շնորհիվ հայտնվում են ռուսական խանութներում և մարքեթփլեյսներում, գրում է «Известия»-ն։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանի և Ղրղզստանի լաբորատորիաները փաստաթղթեր են ձևակերպել առանց արտադրանքի իրական փորձարկումների։ Այս փաստերով քրեական գործեր են հարուցվել, իսկ նման կառույցների շահերի լոբբինգի հետևում կարող է կանգնած լինել ԵՏՀ ներքին շուկաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը։

Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում գործում են թվային հարթակների նոր կանոններ․ վաճառողների որակի հավաստագրերը ստուգվում են միջպետական տվյալների բազաների միջոցով։ Վերահսկողության խստացումը նպատակ ունի սահմանափակել կեղծ փաստաթղթերի շրջանառությունը։

Ստուգումներից և լիցենզիաների չեղարկումից հետո ռուսական լաբորատորիաները, որոնք կեղծ հավաստագրեր էին տրամադրում, շարունակել են աշխատել՝ վերագրանցվելով հիմնականում Հայաստանում և Ղրղզստանում։ 2025 թվականին ղրղզական երեք կենտրոններ ռուսական ընկերություններին տվել են ավելի քան 15,5 հազար հավաստագիր։ 2026 թվականի փետրվարին «Ռոսակրեդիտացիան» դադարեցրել է Ռուսաստանում այս կազմակերպությունների փաստաթղթերի գործողությունը։ «Известия»-ի աղբյուրի տվյալներով՝ քրեական գործեր են հարուցվել մոտ 15 հազար հավաստագրերի տրամադրման փաստերով, պատասխանատվության է ենթարկել 11 լաբորատորիա՝ տասը ղրղզական և մեկ հայկական։

2026 թվականի հուլիսին ռուսական կողմը նաև կասեցրել է հայկական «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» կենտրոնների որոշ հավաստագրերի գործողությունը՝ փորձարկումների արձանագրությունների բացակայության պատճառով։ Միևնույն ժամանակ, հայկական հավաստագրերը գործում են ԵԱՏՄ ամբողջ տարածքում և հաճախ պատվիրատուների համար ավելի էժան են լինում, քան ռուսականները։ Պարբերականի տեղեկություններով՝ Հայաստանում հավաստագրման ծառայություններն առաջարկվում են 2 հազար ռուբլուց սկսած, իսկ մեկ կազմակերպության հավատարմագրումը հետ կանչելուց հետո կարող են հայտնվել նույն ղեկավարներով նոր իրավաբանական անձինք։

Leave a comment