Կլիչկոն հորդորել է Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից (PAN.am)

Ռուսաստանի կողմից իրականացվող հարձակումների ուժգնացման պայմաններում Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է Կիևի այն բնակիչներին, որոնք այլ բնակավայրերում հարազատներ կամ ընկերներ ունեն, ժամանակավորապես հեռանալ քաղաքից՝ անվտանգության նկատառումներով։ Այդ մասին նա հայտարարել է ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքում ստեղծված ծանր իրավիճակը՝ ընդգծելով, որ շարունակվող հարվածները հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների, հայտնում է Deutsche Welle-ն:

«Ամեն օր նոր տեղեկություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և զոհվածների մասին, քանի որ մեր քաղաքի հրետակոծություններն ուժգնանում են։ Այսօր խոսքը գոյատևման մասին է»,– հայտարարել է Կլիչկոն։

Նա նաև նախազգուշացրել է, որ ռուսական հարձակումների հետևանքով ջրամատակարարման համակարգի աշխատանքի խափանման դեպքում Կիևը կարող է հայտնվել բավական ծանր ճգնաժամի առաջ։

Միաժամանակ քաղաքապետը հատուկ ընդգծել է, որ իր հայտարարությունը չի նշանակում մայրաքաղաքի բնակչության ամբողջական տարհանման կոչ։

«Դա է Պուտինի նպատակը։ Նրա համար լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և նրան հանձնենք մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը»,– ասել է Կլիչկոն։

Կիևի իշխանությունները նախապատրաստվում են ձմռան հնարավոր բարդություններին՝ փորձելով ապահովել քաղաքի կենսական համակարգերի անխափան աշխատանքը։

Քաղաքապետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում իրականացվում են պահուստային ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներ։ Բացի այդ, իշխանությունները կուտակում են վառելիքի, սննդամթերքի և խմելու ջրի անհրաժեշտ պաշարներ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։

Այդուհանդերձ, Կլիչկոն զգուշացրել է, որ նույնիսկ ամենալավ նախապատրաստական աշխատանքները չեն կարող լիովին բացառել ծանր հետևանքները, եթե հակաօդային պաշտպանության համակարգերը չկարողանան արդյունավետ գործել։

«Եթե հակաօդային պաշտպանությունը չաշխատի, մենք կարող ենք հայտնվել վատ սցենարի առաջ»,– նշել է քաղաքապետը։

Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը որդեգրել է օդային հարվածների նոր ռազմավարություն։ Ուկրաինայի ղեկավարի գնահատմամբ՝ Կրեմլն այդ գործողություններով փորձում է ստիպել ուկրաինացիներին լքել Կիևը և երկրի մյուս խոշոր քաղաքները։

Սեպտեմբերից Ռուսաստանն ակտիվացրել է Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ իրականացվող հարվածները։ Հոկտեմբերի սկզբին ռուսական զինված ուժերը սկսել են նաև թիրախավորել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, որոնք միմյանց են կապում Կիևի աջափնյա և ձախափնյա հատվածները։

Նախկինում այդ կամուրջները հարձակումների թիրախ չէին դարձել։ Ռուսական հարվածների թիրախում են հայտնվել նաև էներգետիկ և կապի ենթակառուցվածքները, ինչպես նաև երկաթուղային համակարգի օբյեկտները։

Leave a comment