Զոհվեց պատերազմի առաջին օրը

ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից Արցախյան վերջին պատերազմին շատ կամավորներ մասնակցեցին, տուն եկան։ Սակայն գյուղն ունեցավ նաև նահատակ տղաներ ու վիրավորներ։ Այսօր Եռաբլուրում են ամփոփված Տանձուտ գյուղի քաջորդիներ Կարեն Սամվելի Գրիգորյանն ու Աղասի Վրեժի Միքայելյանը, իսկ Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանը հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը։ Երեք կամավորական տղաներ՝ Ռազմիկ Ֆահրադյանը, Իլյիչ Նազարյանը և Հասան Ֆերոյանը, տուն եկան վիրավոր։

Նահատակ տղաներից Աղասի Միքայելյանը ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 24-ին։ Հարվածային առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Մայրը՝ Ամալյա Պողոսի Քամալյանը, խոսելով տանկիստ որդու մասին, չի հավատում, որ այլևս չկա իր ու դստեր միակ ապավենը։ Դեռևս դպրոցական տարիներին շատ է սիրել զինվորական կյանքը, մշտապես մասնակցել է ՆԶՊ դասերին, պարապմունքներին, արտադպրոցական մրցույթներին ու դարձել հաղթող։ Ավարտելով միջնակարգը՝ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և 4 տարի ուսանել գերազանց առաջադիմությամբ։ Ավարտելով բուհական-ռազմական ուսումը՝ կամավոր ծառայության է անցել Արցախի 9-րդ պաշտպանական շրջանում։

 

Կապիտան Ա. Միքայելյանը 18-րդ հրաձգային գնդի կրակային աջակցման մարտական մեքենաների վաշտի հրամանատարն էր։ Նրա զինվորներից սերժանտ Վահե Գոգոլյանը գրում է. «Աղասի Միքայելյանը եղել է շատ լավ հրամանատար։ Բոլոր զինվորների համար ավագ ընկեր էր, փորձում էր աջակցել, օգնել բոլոր հարցերում։ Եղել են դեպքեր, որ համաձայն չեմ եղել նրա հետ որոշ հարցերում, սակայն այսօր եմ զգում, թե ինչքան ճիշտ էր մեր հրամանատարն ու ավագ եղբայրը։ Յուրահատուկ անձնավորություն էր, շատ էր նվիրված իր գործին, հայրենիքին։ Մշտապես ստուգում էր մեր ռազմական մեքենաները, որ ցանկացած պահի պատրաստ լինեին։ Եթե տեխնիկական որևէ միջոց մատնվեր անուշադրության, անպայման կպատժեր պատասխանատուին»։

Աղասիի հրամանատարությամբ գործող վաշտի բոլոր զինվորների անունից Վ. Գոգոլյանը գրում է՝ մեծ էր իրենց հրամանատարի կորուստը։ Հրամանատար, ով շտապեց իրենց մոտ՝ զորամասի բնակարանում թողնելով ծերունի մորը, քրոջն ու նրա 2 երեխաներին։ 6 տարիների ընթացքում Ա. Միքայելյանն աչքի էր ընկել իր ծառայությամբ ու արժանացել հրամանատարության խրախուսանքներին, պարգևների, առավել կարևոր է՝ զինվորների հարգանքին։ 2016-ի Ապրիլյան քառօրյայի առաջին օրվանից մարտադաշտում էր իր վաշտով և շատ սխրանքներ գործեց իր զինվորների հետ։ Նրանց զրահամեքենան թշնամու 7 տեխնիկա է շարքից հանել։

Պատմելով Արցախյան վերջին պատերազմում նահատակված իր աշակերտների մասին՝ Տանձուտի դպրոցի տնօրեն Հովսեփ Այվազյանը գովեստով ներկայացրեց բոլորին։ Ներկայացնելով Աղասիին՝ ասաց՝ սովորում էր հարվածային։ Առավել լավ էր սովորում մաթեմատիկա և հայոց լեզու առարկաները։ Շատ ակտիվ էր հասարակական աշխատանքներում։ Դեռևս միջին դասարաններում սովորելիս արդեն ձգտում էր զինվորական դառնալ։

Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, բանաստեղծուհի Քրիստինե Ավետիսյանն ասաց՝ ինքը Արմավիրի տարածաշրջանում շատ միջոցառումներ (տոնական, հիշատակի, հանդիսավոր) է անցկացրել։ Վերջերս դպրոցում կայացել է խնկարկումի հանդես՝ նվիրված իրենց 3 սաներին։ Շատ է հուզվել, ծանր է տղերքի կորուստը։

Գերմաներենի ու հայոց լեզվի 40 տարվա ուսուցչուհիներ Էմմա Կուժանոսյանը և Անահիտ Աթոյանը դժվարանում էին անցյալով խոսել տղերքի մասին։ Աղասին Կարենից ու Անդրանիկից փոքր էր, բայց նրանց պես միշտ աչքի էր ընկնում կրթօջախում՝ թե՛ սովորելիս, թե՛ հասարակական գործերում, առավել՝ մարդկային կերպարում։

Դպրոցի առաջին հարկում տղաներին նվիրված հատվածում նրանց լուսանկարներն են, կենսագրական տվյալները՝ հակիրճ, սակայն խոսուն, հերոսի մասին պատմող։

Համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Միքայելյանը տեղեկացրեց՝ Արցախյան վերջին պատերազմին գյուղից մոտ 35 հոգի են մասնակցել, և մեծ ցավ հայտնեց, որ այլևս գյուղամիջում չի տեսնելու այն տղաներին, ովքեր մշտապես համայնքի աջակից էին, շենացնողներից։

Աղասին ծառայության անցնելով Ջաբրայիլի զորամասում՝ այնտեղ տարավ նաև ծնողներին։ 2017-ին վախճանվել է հայրը։ 2020 թ. օգոստոսի վերջին ընտանիքով եկել էին հայրենի գյուղ։ Պատմում է քույրը՝ Հասմիկը, որը 2019-ից ընտանիքով տեղափոխվել էր եղբոր զորամաս և աշխատել էր ճաշարանում։ Տղան ու աղջիկը սովորում էին զորամասի մոտակա Առաջամուղ գյուղի դպրոցի առաջին և երկրորդ դասարաններում։ Սեպտեմբերի 26-ին վերադարձել են զորամաս, տեղ հասել 27-ի լույս գիշերը։

— Տաքսու վարորդը հոգնած էր ու քնեց մեքենայի մեջ, — ասում է մայրը՝ Ամալյան։ — Նույնիսկ մեր իրերը թողեցինք մեքենայում, որ առավոտյան վերցնենք։ Տուն չմտած՝ պայթյուն լսվեց․ մեկ, երկուս։ Ներքև իջանք, արթնացրեցինք վարորդին։ Աղասին մեզ տեղավորեց մեքենայի մեջ, կապվեց մարտական ընկերոջ՝ Հակոբի հետ, նստեց մեքենան՝ ասելով՝ հասնեմ տղերքիս։

— Սկզբում գնացինք Հադրութ՝ մտածելով՝ շուտով կվերջանա պատերազմը, սակայն այնտեղ նույնպես ռմբակոծվում էր։ Ստեփանակերտում դարձյալ անհանգիստ էր, ու եկանք Արմավիր, — պատմում է քույրը։

— Օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեց, իմացավ, որ արդեն ապահով վայրում ենք։ Երեկոյան՝ ժամը 10-ի մոտերը, խոսեց վերջին անգամ…

Ցավում է ծերունի մայրը, որ որդին նույնիսկ ամուսնացած չէր ու չունի հետնորդ։ Խոսում է որդու մասին, ընկնում հիշողությունների գիրկը․ 2014-ին, ավարտելով ռազմական համալսարանը, 5 ընկերներով ծառայության են անցնում նույն զորամասում։ Նրանցից Աղասու ամենամոտ ընկերը՝ տանկիստ Հայկ Գրիգորյանը, զոհվել է Ապրիլյան պատերազմում, Գոռը նույնպես զոհվել է։

2020 թ. սեպտեմբերի 27-ին մարտիրոսվեց 28-ամյա կապիտան Աղասի Վրեժի Միքայելյանը։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Երբ բնակվում էի Բերձորում և աշխատում Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, հաճախ էի լինում նաև Արցախի ՊԲ զորամասերում, մարտական դիրքերում։ Քաշաթաղի շրջանը համագործակցում էր 9-րդ պաշտպանական շրջանի հետ։ Ջրականի զորամասում տեղի ունեցող տարբեր միջոցառումների եմ ներկա եղել։

2016 թ. փետրվարի 15-ին զորամասում տոնական արարողություն էր․ այստեղ առաջին անգամ հանդիպեցի Աղասիին։ Սպաներն անցնում էին շարքով։ Լուսանկարեցի։ Իր հրամանատարությամբ գործող վաշտը ճանաչվեց հաղթող «Լավագույն վաշտ» մրցույթում։ Հպարտությամբ էր պահում փոխանցիկ դրոշը։

Երկրորդ անգամ հերոսին հանդիպեցի նույն զորամասում 2019 թ. մայիսի 28-ին՝ Հայոց բանակի օրը։ Դարձյալ մեծ շուքով նշվեց բանակի օրը։ Հրետանավոր ընկերոջ հետ նկարեցի։ 2021 թ. Տանձուտում, երբ զրուցում էի մոր ու քրոջ հետ, տեսան նկարը և հիշեցին, որ հանդիպել ենք։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment