Միքայել սրբազան․ Սա իմ երազած Հայաստանը չէ, ասել եմ բոլոր իշխանությունների օրոք, ասում եմ նաև հիմա

Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, որ լավ հայը պետք է լինի իր ժառանգությանը գիտակ, իր ինքնությանը փարված, իր հայրենիքի տեսլականը պատկերացնող, քրիստոնեական արժեքներով ապրող: Այդ մասին նա ասել է «Հարցեր կան» հաղորդման ընթացքում, հայտնում է Aysor.am-ը:

«Սա իմ երազած Հայաստանը չէ, ասել եմ բոլոր իշխանությունների օրոք, ասում եմ նաև հիմա. հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է։

Այն ժամանակ, երբ մեզ դեռ թույլ էին տալիս դպրոցներում լինել, ներկայություն ունենալ, միշտ հարցնում էի ուսուցիչներին, տնօրեններին՝ դուք ի՞նչ եք ուզում ստանալ տասներկու տարի անց, դուք պարզապես գիտելի՞ք եք փոխանցում՝ ինչ ուզում է լինի մոտեցմամբ: Բայց այդպես կրթություն չի լինում, կրթությունն այն է, երբ հստակ սահմանում կա, թե վերջնարդյունքն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի հայ ես ուզում ունենալ։ Միայն գիտելիքն առանց բարոյականության վտանգավոր է»,-ասել է Շիրակի թեմի առաջնորդը:

2025 թվականի աշնանը դատարանը Միքայել սրբազանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության զավթման կամ սահմանադրական կարգի բռնի տապալման հրապարակային կոչեր) և դատապարտել 2 տարվա ազատազրկման: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում: Կալանքի տակ գտնվելուց հետո, նա այժմ տնային կալանքի պայմաններում է Գյումրիում:

Leave a comment