Քաղաքականություն
09.10.2026 | 12:51
Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա 136 անօդաչու թռչող սարք է արձակել, մինչև առավոտ խոցվել է դրանցից 114-ը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Առավոտյան ռուսական ուժերը Զապորոժիեին զանգվածային ավիահարված են հասցրել, որի հետևանքով զոհվել է 50-ամյա տղամարդ, վիրավորվել է ութ մարդ։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ նրանց թվում են մեկ երեխա և մեկ ոստիկան։
Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը հայտնել է, որ հարված է հասցվել բնակելի թաղամասի, արկերից մեկն ընկել է արտադասարանական ուսումնական հաստատության մոտ։ Լուրջ վնասվել են հինգհարկանի շենքի երկու բնակարաններ և մեքենաներ։
Կիևի մարզի Բուչա շրջանում հարձակումից հետո պահեստներ են հրդեհվել: Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են: Շարունակվում են փլատակների տակ գտնվող կնոջ որոնումները: Հրդեհը մարվել է:
Իվանո-Ֆրանկովսկում, նախնական տվյալներով, հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել: Հրդեհվել է շենք, ինչպես նաև բաց տարածքում գտնվող չոր խոտածածկույթ և թփեր։
Կիևում երեկվանից շարունակվում են էլեկտրաէներգիայի անջատումները, ինչպես նաև որոշ շրջաններում ջրամատակարարման անջատումները: Հասարակական տրանսպորտը սահմանափակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում: Էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են սկսվել նաև Ուկրաինայի մի քանի այլ շրջաններում:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի