ԱԺ-ն չդադարեցրեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովն այսօրվա նիստում չընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագիծը:
Նշենք, որ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով, ինչպես նաև քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:
«Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը Սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել չեզոքություն, զսպվածություն, նման գնահատականներ հնչեցնի»,- նշել էր Մինասյանը:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը վկայում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հարակից զեկույցում ներկայացրել էր ԿԿՀ եզրակացությունը՝ նշելով, որ ԿԿՀ-ն քննարկել է 2025 թվականի փետրվարի 13-ի հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի խոսքի մի քանի հատված, սակայն խախտում արձանագրել է դրանցից միայն մեկով:
Հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքն այնքանով, որքանով պարունակում է քաղաքական կուսակցության ներկա գործունեության և գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման (այն է ՝ ՀՀ օրենսդրությամբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը ունի քաղաքական զսպվածության օրենսդրական պարտավորություն, պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց)։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ ինքը հակադաշնակցական չէ, երբեք չի եղել ու հավելել, որ Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով: Հակոբ Հակոբյանը՝ նաև որպես մտավորական, ներկայացրել է իր դիրքորոշումը և խոսել պատմական, քաղաքական տարբեր իրողությունների մասին:
Նրա գնահատմամբ այս բարդ ժամանակներում իր անաչառությունն ամեն գնով փորձել պահպանող, դաշտի իրարամերժությունը հավասարակշռող ՀՌՀ մտավորական անդամից պահանջվող կոռեկտությունը չպետք է նշանակի ձայնազրկություն կամ տվյալ իրավիճակի նպատակներով սեփական մոտեցումների զգուշավոր քողարկում:
«Զսպվածության կոչը մեզ չպետք է հասցնի նրան, որ մենք թաքցնենք պատմության և պատմականության մեր ընկալումները, վախենանք խոսել կոռուպցիայի մասին թե՛ քաղաքական ու տնտեսական, թե՛ հայրենասիրական, քանի որ հայրենասիրությունը նույնպես կարող է կոռումպացված լինել: Մանավանդ, իմ հարցազրույցում ես խոսել եմ ոչ թե ԱԺ-ում ՀՅԴ գործունեության մասին, այլ հայոց պատմության մի ողբերգական շրջանի»,- ընդգծել է ՀՌՀ անդամը: