Ինչպես է Մեդվեդեւը հերոս կերտում Փաշինյանից

«Բայց հիմա էդ «կսմիթները» ու սպառնալիքները ինչի՞ համար են։ Նույն տրամաբանությամբ ես էլ կարող էի, կամ որևէ մեկը կարող էր ասել, թե Հայաստանը նոր Ռուսաստանի վերածվելն է՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ում պայթյուններ են տեղի ունենում և այլն», երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, երբ ճեպազրույցի ընթացքում նրան հարց է ուղղվել ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Մեդվեդեւի գրառման վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցնում է, որ աշխատել է Մեդվեդեւի հետ՝ երբ նա էլ ՌԴ վարչապետ էր։

Մեդվեդեւը գրառում էր արել վարվող քաղաքականության հետեւանքով Հայաստանի «ուկրաինացման» ռիսկի մասին։ Իսկապես, ո՞րն է կսմիթի նպատակը։ Վախեցնել Փաշինյանի՞ն, թե՞ հայ ժողովրդին՝ որ նա էլ այդպիսով, ուկրաինացման վտանգից վախենալով՝ ոտքի կանգնի ու հեռացնի Փաշինյանին։ Սա իսկապես էական հարց է, թեեւ «կսմիթների» նպատակի տարբերակները կարող են լինել նաեւ այլ։ Օրինակ, իսկ արդյո՞ք այդ «կսմիթների» նպատակը Նիկոլ Փաշինյանից «ինքնիշխանության հերոս պաշտպան» կերտելը չէ։

Համենայնդեպս, եթե Փաշինյանին վախեցնելն է նպատակը, ապա, ՌԴ վիճակը թերեւս տխուր է, եթե բանը հասել է Մեդվեդեւի գրառումներով վախեցնելուն։ Իսկ, եթե նպատակը հայ հանրությանը «վախեցնելն» ու Փաշինյանի դեմ ոտքի հանելն է, ապա դարձյալ՝ այդպիսի գրառումները որքան հանրային շերտերի կարող են «վախեցնել», նվազագույնը այդքանի էլ կարող են «թասիբի գցել»՝ կամա, թե ակամա կանգնեցնելով Փաշինյանի կողքին, նրան այդպիսով ասոցացնելով Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետ։ Համենայնդեպս, հաշվի առնելով, որ «ուկրաինացման» ակնարկներ, եւ անգամ Մեդվեդեւի ավելի կոշտ գրառումներ Փաշինյանի քաղաքականության առնչությամբ եղել են նախկինում էլ, շատ դժվար է հավատալ, թե Կրեմլում այնքան միամիտ են, որ հավատում են այդ գրառումներով Փաշինյանին թուլացնելու «զորությանը»։

Ու հենց այդտեղ է, որ առաջ է գալիս այդ «երրորդ տարբերակի» հարցը։ Իսկ արդյո՞ք հենց դա՝ Նիկոլ Փաշինյանից «ինքնիշխանության անվախ հերոս» կերտելը չէ այդ «կսմիթների» նպատակը։ Հարց կառաջանա՝ լավ, իսկ ինչո՞ւ, իսկ ո՞րն է այդ դեպքում ՌԴ շահը։ Այդ հարցի պատասխանը փնտրելիս, արժե համենայնդեպս հիշել, թե մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ինչպես հրաժարվեց «մոդուլային ատոմակայան կառուցելու ռազմավարական որոշումից», հօգուտ այն հնարավոր տարբերակի օգտին, որ նրա հետ հանդիպումից հետո բարձրաձայնել էր Ռոսատոմի ղեկավար Լիխաչովը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լուսանկարում՝ 27.07.2018թ. Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment