Ադրբեջանը ՈւԵՖԱ-ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ-ի բարեփոխումների կոչին

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) միակ անդամն է, որը չի աջակցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) բարեփոխումների կոչին։ Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ–ի կայքը:

Բեռլինում տեղի կունենա ՈւԵՖԱ–ի անդամ բոլոր 55 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հանդիպումը: Կազմակերպության հայտարարության համաձայն, ֆուտբոլի բոլոր ազգային ասոցիացիաները, բացի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից, պահանջում են հիմնարար փոփոխություններ, որոնք ուղղված են ՖԻՖԱ-ի բարեփոխմանը:

«Ազգային ասոցիացիաները կրկին հայտարարել են ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ անվստահության մասին: Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի։ ՖԻՖԱ–ն նաև նոր ղեկավարության կարիք ունի՝ հարգված և միավորող գործիչ, որը խորապես արմատավորված է ֆուտբոլում, ունի պատկերացում և փորձ ղեկավարելու համար, տարբեր տարածաշրջաններում վստահություն ներշնչելու ունակություն և զարգացման, բարեփոխումների, ազնվության և անկախության անվերապահ նվիրվածություն»,– ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) և Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONCACAF) Ջաննի Ինֆանտինոյին մեղադրել էին FIFA Forward Enterprise (FFE) նախագծի հետ կապված խաբեության մեջ, որից հետո մի շարք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ հետ են կանչել նրա վերընտրվելուն նախկինում արտահայտած աջակցությունը:

Ինֆանտինոն մտադիր է նոր ժամկետով առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որոնք տեղի կունենան 2027 թվականի մարտի 18-ին Ռաբաթում:

Sputnik Արմենիա

Leave a comment