Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների նկատմամբ ևս քրեական հետապնդում իրականացնելու հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել այն միջադեպը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» մի շարք պատգամավորների օգնականներ փորձել են մուտք գործել Ազգային ժողովի նիստերի դահլիճ և, ըստ իշխանական կողմի ներկայացրած վարկածի, չեն ենթարկվել ՊՊԾ աշխատակիցների պահանջներին։

Մասնավորապես, իշխանական շրջանակներում պնդում են, թե օգնականները ՊՊԾ ծառայողներին հրել են՝ փորձելով անցնել և մուտք գործել դահլիճ։ Այժմ ուսումնասիրվում է տեղի ունեցածը՝ պարզելու համար՝ արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական պատասխանատվություն առաջացնող արարքի հատկանիշներ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը տրամադրված է այս միջադեպը չսահմանափակել միայն խորհրդարանի ներսում կարգապահական կամ վարչական քննարկումներով ու պատժամիջոցներով։

Փաստորեն, թիրախում կարող են հայտնվել ոչ միայն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները, այլև նրանց աշխատակազմի անդամները։

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ օգնականների նկատմամբ քրեական հետապնդման հարցը այս պահին դեռ քննարկման փուլում է, և իրավական վերջնական գնահատականը պետք է տրվի իրավապահ մարմինների կողմից՝ միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրությունից հետո։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը նախօրեին գրել էր, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից մեզ փոխանցել էին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։

Ի՞նչ է ստացվում. ընդդիմադիրների ելույթից հետո ՔՊ խմբակցության քարտուղարը ռեպլիկ է անում, Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը տեղից վեր է կենում ու ծեծկռտուք հրահրում, սակայն իշխանությունը քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին, նաև նրանց օգնականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Leave a comment