Հայ օգնության ֆոնդի բարեգործական ճաշարանից օգտվող քաղաքացիներն ասում են՝ իրենց լուրեր են հասել, թե 30 տարուց ավելի գործող ճաշարանն ուզում են փակել։ Արմենուհի Դավթյանն ավելի քան 30 տարի՝ 1994 թվականից, օգտվում է ճաշարանից։ Ասում է՝ չունի ոչինչ, ամեն օր գալիս, իր բաժին ճաշն ուտում, հացը վերցնում, գնում է։
«Տեխնիկա էին բերել, ժողովուրդն ասում ա՝ փակում են, թե չէ ՀՕՖ-ից գոհ ենք, ուղղակի տեղի հարց ա։ Քաղաքապետարանը կամ թաղապետարանը մի տեղ տան, 100 հոգի մարդ ա գալիս, հիվանդներ, հաշմանդամներ են գալիս, կույրեր»,- ասում է Արմենուհին։
Ճաշարանի շահառուները հիմնականում սոցիալապես անապահով տարեցներ են։ Ասում են՝ թոշակը չի բավականացնում բոլոր անհրաժեշտ ծախսերի համար, այդ պատճառով էլ ճաշարանից օգտվելը կարևոր օգնություն է։
«Իմանալով, որ էս ճաշարանը գործում է, ընդգրկվել եմ, արդեն 24 տարուց ավելի է։ Էս ճաշարանում շատ մարդիկ կան անապահով, որ թոշակը չի բավարարում անգամ հաց գնելու, կերակուր պատրաստելու համար, որովհետև էնքան թանկ են մուծումները, ամեն ինչը մենակ թանկացրել են»,- նշեց ճաշարանի շահառուներից Լարիսա Մուրադյանը։
Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Արարատ Գասպարյանն էլ 13 տարի է՝ ճաշարանի շահառու է: Նա նույնպես մտահոգված է՝ ի՞նչ է անելու, եթե հանկարծ ճաշարանը փակվի։
«Եթե բարեգործական ճաշարան է, ինչո՞ւ պիտի փակվի։ Հետաքրքրվեք, որ իրավունք չունեն էսպիսի բան անեն, երկրորդն էլ՝ կարողանան մի տեղ ճարեն, մեծ հանրապետություն ա»,- ասաց Արարատ Գասպարյանը։
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանները գործում են հինգ բնակավայրերում․ Երևանում սա միակն է։ Տարածքը պատկանում է մասնավոր ընկերության, որն այն անհատույց է տրամադրել ՀՕՖ-ին։
«Եթե նման խնդիր լինի, որ մասնավոր ընկերությունը որոշի այստեղ այլ գործունեություն ծավալել, ըստ պայմանագրի՝ մեզ պետք է տեղեկացնի և գրություն ուղարկի, որ տարածքն ազատենք։ Այս պահին այդպիսի գրություն չկա, մեզ դուրս գալու պահանջ չի ներկայացվել։ Իհարկե, քանի որ տարածքը մասնավոր է, կարող են տնօրինել այնպես, ինչպես ուզում են, և եթե ինչ-որ պահի որոշեն, որ ցանկանում են այստեղ այլ գործունեություն իրականացնել, մեզ կտեղեկացնեն»,- ասաց ՀՕՖ-ի հաղորդակցության պատասխանատու Ռուզան Գիշյանը։
ՀՕՖ-ի հաղորդակցության պատասխանատուն ընդգծում է, որ եթե մասնավոր ընկերությունից տարածքն ազատելու պահանջ ստանան, ՀՕՖ-ը կդիմի Երևանի քաղաքապետարան՝ ճաշարանի գործունեությունը չընդհատելու նպատակով։
«Այդպիսի իրավիճակ եղել է Նոր Հաճնում և Բյուրեղավանում, որ մասնավոր ընկերությունը խնդրել է դուրս գալ տարածքից, և քաղաքապետարանը, համայնքապետարանը մեզ ապահովել են տարածքով, ճաշարանների գործունեությունը շարունակվել է արդեն այլ տարածքում»,- նշեց Գիշյանը:
Տարածքն այժմ պատկանում է «ԷԿՐԱ Կովկաս» ընկերությանը։ Անվտանգության աշխատակիցը հայտնեց, որ սեփականատիրոջ հետ խոսել է և, նրա տեղեկությամբ՝ այս պահին տարածքը քանդելու կամ այլ նպատակով օգտագործելու մտադրություն չկա։
Բայց ճաշարանում կա մեկ այլ խնդիր․ արդեն երկու ամիս է՝ շենքում լույս չկա։ ՀՕՖ-ից նշում են՝ քանի որ հիմնադրամը տարածքի սեփականատերը չէ, այս հարցն ինքնուրույն լուծել չի կարող։ Անվտանգության աշխատակիցն էլ հայտնեց, թե այդ ուղղությամբ ՀԷՑ-ի հետ աշխատանքներ են տարվում։
Ճաշարանը բաց է միայն աշխատանքային օրերին։ Այն մեկանգամյա սնունդ է տրամադրում։
Օրական շուրջ 170 շահառու Երևանի տարբեր շրջաններից գալիս ու այստեղ տաք ճաշ է ստանում, որը կարող է նաև տուն տանել՝ ընտանիքի անդամների համար։
Ճաշարանի աշխատակիցների աշխատավարձը, սնունդը հոգում է ՀՕՖ-ը։ Կոմունալ վճարների համար սահմանված է ֆիքսված գումար, իսկ մնացած ծախսերը հոգում է տարածքի սեփականատեր մասնավոր ընկերությունը։ Այս տարիների ընթացքում տարածքի սեփականատերը փոխվել է։ ՀՕՖ-ից նշում են՝ թեև տարածքի տնօրինման վերաբերյալ վերջնական որոշումը սեփականատիրոջն է, սակայն այս պահին որևէ որոշում չկա, և ՀՕՖ-ին տեղեկություն չի փոխանցվել տարածքն այլ նպատակով օգտագործելու մտադրության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան