Եվրախորհրդարանում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ նախատեսված քննարկումից առաջ ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրը հայտնել է, որ իր առաջարկով բանաձևի նախագծում ներառվել է նաև Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը, հայտնում է Factor.am-ը:
Հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Եվրախորհրդարանում նախատեսվել է քննարկում՝ նվիրված Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց խնդրին։
«Հենց նոր գրում էի իմ ելույթը Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի քննարկման համար։ Երեկ՝ վերջին բանակցությունների ժամանակ, ինձ հաջողվեց տեքստում ներառել նաև հայ բանտարկյալներին։ Գիտեմ, որ այս հարցը սովորաբար բանաձևի շրջանակներից դուրս կհամարեին, բայց ես ասացի՝ քանի որ խոսում ենք Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին։ Այդպես այդ դրույթը ներառվեց։ Շատ փոքր հավելում է՝ ընդամենը երեք բառ, բայց դա իմ առաջարկն էր»,- ասել է նա։
Մեզյուրը նաև հայտնել է, որ փաստաթղթի նախնական քննարկման փուլում հանդես է եկել մեկ այլ առաջարկով։ Նա ցանկացել է բանաձևում անդրադարձ կատարել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու, ինչպես նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցերին։ Սակայն պատգամավորի այդ նախաձեռնությունը բավարար աջակցություն չի ստացել և չի ներառվել բանաձևի նախագծում։
«Բանաձևում վերահաստատվում է, որ ԵՄ-Ադրբեջան ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պետք է պայմանավորված լինի բարելավումներով։ Ես կնախընտրեի նաև ափսոսանք արտահայտող ձևակերպում տեսնել առ այն, որ Ադրբեջան կատարած վերջին բարձրաստիճան այցերի ընթացքում ԵՄ ներկայացուցիչները չեն կոչ արել ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Փորձեցի դա ներառել, բայց դրա համար մեծամասնություն չկար»,- ասել է պատգամավորը։
Ֆրանսիացի եվրապատգամավորը շեշտել է, որ իր առաջիկա ելույթի առանցքային ուղերձը վերաբերում է Եվրամիության կողմից իրական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Նրա համոզմամբ՝ միայն նոր բանաձևերի ընդունումը բավարար չէ, եթե դրանք չեն ուղեկցվում գործնական քայլերով։
«Ֆրանսերենում կա այսպիսի արտահայտություն՝ «Գերազանցել սեփական խիղճը հանգստացնելու արվեստում»։ Այսինքն՝ ընդունում ենք Ադրբեջանի իրադարձությունների վերաբերյալ նոր բանաձև՝ մեր խիղճը հանգստացնելու համար, բայց գործողություններ չենք ձեռնարկում։ Տարբերություն կա խորհրդարանում մեր ասածի, ընդունած բանաձևերի և մեր հարաբերությունների իրական պատկերի միջև»,- շեշտել է նա։
Պատգամավորն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։
Այդ այցից հետո Մեզյուրը դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ գրավոր բողոք ներկայացնելով ինչպես այցի փաստի, այնպես էլ եվրոպացի դիվանագետի օգտագործած ձևակերպումների վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ իր հարցման պատասխանը դեռևս չի ստացել, սակայն ակնկալում է, որ Եվրահանձնաժողովն այն կտրամադրի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։
Անդրադառնալով միջազգային հանրության պատասխանատվությանը՝ Մեզյուրը նշել է, որ հասկանում է Հայաստանի իշխանությունների համար որոշ հարցերի շուրջ դիրքորոշում արտահայտելու բարդությունը՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքն ու տեղի ունեցած իրադարձությունները։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ հանգամանքը չի կարող արդարացում լինել միջազգային հանրության համար՝ հրաժարվելու միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանությունից։
«Հասկանում եմ, որ Հայաստանի կառավարության համար գուցե ավելի դժվար է դիրքորոշում հայտնել՝ հաշվի առնելով աշխարհագրությունն ու տեղի ունեցածը։ Բայց մենք միջազգային հանրությունն ենք, իսկ միջազգային հանրությունն իրավունք չունի հրաժարվելու միջազգային իրավունքից և այս պահանջներից՝ վերադարձի իրավունքից, բանտարկյալների անհապաղ ազատ արձակումից և մշակութային ժառանգության պաշտպանությունից։ Եվրամիությունն այդ հանրության մասն է։ Երբեմն ասում են․ «Այո՛, բայց Հայաստանի կառավարությունը որոշակի դիրքորոշումներ է որդեգրել»։ Ես չեմ մեկնաբանում Հայաստանի կառավարության դիրքորոշումը, ես մեկնաբանում եմ միջազգային հանրության դիրքորոշումը։ Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել միջազգային իրավունքը։ Հենց այդ պատճառով պետք է շարունակենք այս պայքարը»,- նշել է նա։
Մեզյուրն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանության պայմաններում խաղաղության համաձայնագրի հեռանկարներին։
«Համոզված եմ, որ տևական խաղաղության համար արդարություն է անհրաժեշտ։ Նույնը վերաբերում է Ուկրաինային․ եթե վաղն Ուկրաինան խաղաղության համաձայնագիր ստորագրի Ռուսաստանի հետ, ես չէ, որ պետք է ասեմ՝ ինչ ներառել դրանում։ Ժողովուրդն ինքը պետք է որոշի։ Կարող եմ կարծիք ունենալ, բայց ես չէ, որ պետք է որոշեմ»,-նշել է նա:
Եվրապատգամավորը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի վրա։ Նրա գնահատմամբ՝ այդ հարցը բավարար ուշադրության չի արժանանում, մինչդեռ միջազգային քննարկումներում առավել հաճախ անդրադարձ է կատարվում բանտարկյալների ազատ արձակմանը և մշակութային ժառանգության պահպանությանը։
Մեզյուրը պատմել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Արցախից տեղահանված բնակիչների հետ և անմիջական շփումների արդյունքում ավելի հստակ պատկերացում կազմել հայրենի բնակավայրեր վերադառնալու նրանց ցանկության մասին։
«Երբ մարդիկ իրենք են պատմում՝ ինչ է տեղի ունեցել, ոչ թե պարզապես կարդում ես այդ մասին, դա խորապես հուզում է։ Թերթում կարդալը նույնը չէ, ինչ անձամբ մարդկանցից լսելը, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է դեռ տեղի ունենում։ Նրանք նաև պատմում էին, որ երբեմն սոցիալական ցանցերում տեսնում են իրենց տունը, որտեղ ադրբեջանցի զինվորն իրենց իրերն է տանում։ Մենք չենք կարող այնտեղ գնալ, և ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Բայց կան զինվորներ, որոնք նկարահանում են իրենց գործողությունները՝ ինչպես Պաղեստինում են անում»,- պատմել է նա։
Ֆրանսիացի պատգամավորի համար հատկապես հուզիչ են եղել Արցախից տեղահանված երեխաների հետ հանդիպումները։
«Երբ երեխաներին հարցնում էիր՝ «Ո՞րն է ձեր երազանքը», ասում էին՝ «Վերադառնալ Արցախ»։ Նրանք չէին ասում, թե ուզում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Նրանք ուզում էին վերադառնալ Արցախ»,- ասել է Մեզյուրը։
Բաքվի դատարանը ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։