Սանկցիաներ կկիրառվեն ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությամբ օտար ալիքների նկատմամբ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:


Հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է օտարերկրյա տիրույթներում, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներում ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակությունը կարգավորելուն:


«Կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից», -նշել է Հայրապետյանը։


Նրա խոսքով՝ վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ վերջնական որոշումը կայացված կլինի, իսկ դրանք չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը:


Նախարարը տեղեկացրել է, որ նաև որոշակի փոփոխություններ է առաջարկվել տուգանքների մասով, և սահմանվել է ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները։


Նախագծի մյուս փոփոխությունը վերաբերում է հանրային մուլտիպլեքսի կարգավորումների տարածմանը ցանցային օպերատորների վրա:


Հայրապետյանի խոսքով՝ 2020 թվականին ընդունված օրենսդրությունը հիմնականում կարգավորում էր հանրային մուլտիպլեքսի տիրույթը, և նոր փոփոխությամբ առաջարկվում է, որ նույն կարգավորումները տարածել նաև ցանցային օպերատորների վրա։


Նախարարը շեշտեց, որ բոլոր կարգավորումները վերցված են Եվրոպական Միության համապատասխան՝ տեսալսողական մեդիաոլորտը կարգավորող եվրադիրեկտիվներից և ներկայացված են հնարավորինս մեղմ ձևաչափով։

Leave a comment