Հայրերի՝ հակադեպրեսանտների ընդունումը գիտնականները կապել են երեխաների մոտ հիպերտոնիայի ռիսկի փոքր աճի հետ

Հայրերի՝ հակադեպրեսանտների ընդունումը գիտնականները կապել են երեխաների մոտ հիպերտոնիայի ռիսկի փոքր աճի հետ

Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորմանը նախորդող մի քանի ամիսների ընթացքում հակադեպրեսանտներ են ընդունել, զարկերակային բարձր ճնշման զարգացման ռիսկը փոքր-ինչ ավելի բարձր է։ Ընդ որում, ինչպես ենթադրվում է, այդ կապը կարող է բացատրվել հայրերի հոգեկան վիճակով, այլ ոչ թե դեղերի ազդեցությամբ։ Դրա մասին վկայում է նոր լայնածավալ հետազոտությունը։

Աշխարհում տղամարդկանց մոտ 4,1%-ը դեպրեսիա է ունենում, իսկ միջին ծանրության կամ ծանր ընթացքի դեպքում հակադեպրեսանտներն առաջին գծի բուժման միջոց են։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Դանիայի նման երկրներում աճել է նման դեղեր ընդունող ապագա հայրերի մասնաբաժինը, ասվում է The BMJ-ում հրապարակված հետազոտության մեջ։

Հետազոտողները վերլուծել են 2000-2023 թվականներին Դանիայում ծնված ավելի քան 1,3 միլիոն երեխաների տվյալները և նրանց հետևել միջինը 12 տարի։ Մոտ 18 հազար 400 երեխայի նյութափոխանակության որևէ խանգարում են ախտորոշել, օրինակ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ, ավելորդ քաշ կամ ճարպակալում։

Այս խմբում ընդգրկված էր 364 երեխա, որոնց հայրերը հակադեպրեսանտներ էին ընդունել բեղմնավորմանը նախորդող երեք ամիսների ընթացքում։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, նրանց զարկերակային բարձր ճնշում փոքր-ինչ ավելի հաճախ էր զարգանում, քան այն երեխաներինը, որոնց հայրերը հակադեպրեսանտներ չէին ընդունել։

Նյութափոխանակության այլ խանգարումների ռիսկերը բարձրացած չէին, իսկ հավելյալ ռիսկը վերանում էր, երբ հետազոտողներն այդ երեխաներին համեմատում էին նրանց հետ, որոնց հայրերը հակադեպրեսանտներ էին ընդունել հղիության ընթացքում, բայց ոչ դրանից առաջ։

«Հոգեկան այն վիճակները, որոնց պատճառով հայրերը հակադեպրեսանտներ էին ընդունում, կարող են մասամբ բացատրել հետազոտության արդյունքները»,- մամուլի համար տարածված հայտարարության մեջ ասել է Բաթի համալսարանի կենսագիտությունների բաժնի դոցենտ Պրասադ Նիշթալան, հաղորդում է Euronews-ը։ Նա հետազոտությանը չի մասնակցել։

Հետազոտողները նշել են, որ ստացված արդյունքները «վստահություն են ներշնչում այն տղամարդկանց, որոնք մինչև բեղմնավորումը հակադեպրեսանտներով բուժում են ստացել»։

Հեղինակները հաշվի են առել նաև մոր և հոր տարիքը, կրթության մակարդակը, այլ դեղերի ընդունումը, անամնեզում նյութափոխանակության խանգարումների և հոգեկան խանգարումների առկայությունը։ Այլ գործոններ, օրինակ՝ հիվանդության ծանրությունը, սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, նույնպես կարող էին դեր ունենալ։

Այլ լայնածավալ հետազոտություններ տղամարդկանց կողմից մինչև բեղմնավորումը հակադեպրեսանտների ընդունման և նրանց երեխաների վաղաժամ ծննդի, զարգացման բնածին արատների, աուտիզմի կամ մտավոր զարգացման խանգարումների միջև փոխադարձ կապ չեն հայտնաբերել։

«Հետազոտությունը կասկածի տակ չի դնում արդեն առկա տվյալները։ Այն զգուշորեն ընդլայնում է դրանք՝ ներառելով նյութափոխանակության ցուցանիշները»,- նշել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ընդհանուր մանկաբուժության պրոֆեսոր Ալասթեր Սաթքլիֆը։ Նա ևս հետազոտությանը չի մասնակցել։

«Տղամարդիկ, որոնց հակադեպրեսանտներ են անհրաժեշտ, չպետք է դադարեցնեն դրանց ընդունումը այդ հետազոտության պատճառով»,- հավելել է պրոֆեսորը։

Leave a comment