Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Կենտրոնական Ասիա (C5) + Ադրբեջան» ձևաչափով համագործակցության շրջանակներում առաջարկել է քննարկել «TRIPP» երթուղու ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն՝ «Միջին միջանցքին»:
Այս մասին նա հայտարարել է Ավազայում կայացած Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի ղեկավարների խորհրդատվական 8-րդ հանդիպմանը՝ առաջարկելով քննարկել գոնե փորձագիտական մակարդակով։
«Սա կընդլայնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու առկա ներուժը և կհամապատասխանի մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին»,- շեշտել է Տոկաևը։
Նախագահն ընդգծել է, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Անդրկասպյան երթուղու զարգացմանը՝ նշելով, որ վերջին միտումները վկայում են դրա նկատմամբ աճող պահանջարկի մասին։
Նա հավելել է, որ Համաշխարհային բանկի գնահատումներով՝ Կասպից ծովով բեռնափոխադրումների ծավալը մինչև 2040 թվականը կարող է քառապատկվել, եթե իրականացվեն ենթակառուցվածքային բոլոր նպատակները։