Օրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կսահմանվի 10 մլն դրամը

Կսահմանվեն կարգավորումներ օրինապահ հարկ վճարողների գործունեության բարենպաստ պայմանների համար: Գործադիրը հավանություն է տվել նախագծին:

Վերանայվել է թե օրինապահ հարկ վճարող համարվելու, թե հավաստագրի գործողության դադարեցման համար թույլ տրվող իրավախախտումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը` վերին շեմ սահմանելով 10 մլն դրամ, նախկին 4 մլն դրամի փոխարեն:

Հավաստագրի հավակնող հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարիներին չպետք է հարկային վնաս ունենա։

Միաժամանակ սահմանվել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների եռամսյակային պարբերականությամբ մշտադիտարկում և դրանց արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգ։

Ըստ հիմնավորման ՝ օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին – հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար

Leave a comment