Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակն այս պահին կայուն է գնահատվում, ընթացիկ բուժօգնություն է ստանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
«Կյանքին սպառնացող վտանգ չկա»,-հավելեցին նախարարությունից։
Նշենք, որ Անի Ավետիսյանի հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Անին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am–ին պատմել էր, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ ադրբեջանցին ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։