Հայաստանի Հրազդան քաղաքում գտնվող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող հետախուզական տվյալների հավաքագրման համար, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- ասել է Շևցովը։
Նա նշել է, թե Firebird ընկերությունը գործում է ամերիկյան օրենսդրության շրջանակում, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։
«Սա նշանակում է, որ հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության»,- հայտարարել է Շևցովը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը, որն աշխատում է Nvidia-ի պրոցեսորներով։
«Հայտարարվում է, որ մինչև 2027 թվականի վերջը Firebird-ը մտադիր է Հրազդանում գտնվող համալիրի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի, ինչը ձմռանը Հայաստանի էներգահամակարգի գագաթնակետային բեռնվածության՝ 1,3 ԳՎտ-ի գրեթե մեկ քառորդն է կազմում։ Հայտարարված ծրագրերը հաշվի առնելով՝ կենտրոնի աշխատանքը պահպանելու համար կպահանջվեն լրացուցիչ էներգետիկ հզորություններ»,- ասել է նա։
Շևցովը նաև նշել է, թե էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով Հայաստանը դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։
«Աճող պահանջարկը, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը հաշվի առնելով՝ Հայաստանը ռիսկի է դիմում բախվելու էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, որն անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա»,- հայտարարել է Շևցովը։
Նա նաև կասկածի տակ է դրել խաղաղ ատոմի ոլորտում Հայաստանի՝ այլ երկրների հետ համագործակցության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը․ «Հայաստանի իշխանությունների՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ը արտերկրում ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել և չի կառուցում»։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղարի խոսքով՝ «Ֆրանսիայում, որը նույնպես հաճախ հիշատակվում է որպես հնարավոր գործընկեր, ոչ մի ռեակտոր չի կառուցվել, ֆրանսիացիները փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ չունեն, իսկ Ֆինլանդիայի Օլկիլուոտո ատոմակայանի երրորդ էներգաբլոկի կառուցման 17 տարիների ընթացքում (2005-ից մինչև 2021 թվականը), դրա արժեքը գրեթե քառապատկվել է՝ 3,2 միլիարդ եվրոյից հասնելով 17,7 միլիարդ եվրոյի»։
Միաժամանակ, Շևցովը մատնանշել է ռուսական ատոմային ոլորտի մասնագետների հետ համագործակցության առավելությունները․ «Ռոսատոմը» ներկայում արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ։
«Ինչպես ասում են՝ ընտրությունն ակնհայտ է»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հավելենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը պարբերաբար անդրադառնում է Հայաստանին՝ թիրախավորելով իրականացվող տարբեր ծրագրերն ու մեկնաբանում ՀՀ-ին առնչվող զարգացումները։
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Հայաստանում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման դեպքում կարող են տեղակայվել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ և հետախուզական ենթակառուցվածքներ, դրանից առաջ էլ նշել էր, որ երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի