Գեղամ Գևորգյան․ Բենզինի գինը բարձր է, բայց շուկայական նորմայի սահմաններում է

Վառելիքի բարձր գները պայմանավորված են համաշխարհային շուկայական գործոններով, հայտարարել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն՝ անդրադառնալով Հայաստանում բենզինի գների ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաև վառելիք ներմուծող ընկերություններին հասցեագրված գրություններին։

«Եթե համեմատեք տարածաշրջանի կամ այլ երկրի հետ, Հայաստանում իհարկե բարձր է, բայց դա չի նշանակում, որ շուկայական նորմաներից բարձր է։ Բարձր է, որովհետև գոյություն ունի մեծ խնդիր աշխարհի բենզինի և դիզելի շուկայում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Հանձնաժողովի ղեկավարը տեղեկացրել է, որ կառույցը վառելիքի շուկայում մշտական վերահսկողություն է իրականացնում։ Մասնավորապես, յուրաքանչյուր ամիս ուսումնասիրվում են ներմուծման և իրացման ծավալները, առկա պաշարները, վաճառքի գները, ինչպես նաև դրանց ձևավորման մեխանիզմները։

Գևորգյանը հավաստիացրել է, որ գնային անհամաչափ փոփոխությունների կամ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի հայտնաբերման պարագայում հանձնաժողովը կձեռնարկի համապատասխան միջոցներ և կկիրառի օրենքով նախատեսված պատասխանատվության մեխանիզմները։

Անդրադառնալով վառելիքի ներմուծման ուղղություններին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Ռուսաստանից Հայաստան բենզինի մատակարարումները վաղուց դադարեցված են։

Ինչ վերաբերում է գների իջեցմանը, նա ասել է, որ դա հնարավոր կլինի աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների լիցքաթափման դեպքում, իսկ բարձր գների պատճառով Հայաստանում տնտեսական ճգնաժամ սկսվել չի կարող։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Հայաստանում բենզինի գները հետևյալն են․ «Ռեգուլյար» (ԱԻ-92) տեսակի բենզինի 1 լիտրի գինը տատանվում է 600 դրամի սահմաններում, «Պրեմիում» (ԱԻ-95) տեսակի բենզինի 1 լիտրի գինը կազմում է 620 – 630 դրամ, իսկ դիզվառելիքի 1 լիտրի գինը տատանվում է 700 դրամի սահմաններում:

Leave a comment