ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շուտով վերջ դնել ևս մեկ պատերազմի և քննադատել Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհողներին։
Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ ինքն անում է «շատ ավելին», քան նրանք, ովքեր նախկինում արժանացել են Նոբելյան խաղաղության մրցանակի։
«Անկախ նրանից՝ կստանամ այն, թե ոչ, ես շատ ավելին եմ արել»,- պնդել է Թրամփը։
ԱՄՆ գործող նախագահի կարծիքով՝ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի՝ իրեն Խաղաղության մրցանակը չշնորհելու որոշումը վնասում է միայն հենց այդ կառույցի հեղինակությանը։
«Կարծում եմ՝ դա մեծապես կվարկաբեկի նրանց։ Եվ ես դա ասում եմ առանց նրանց հանդեպ արհամարհանքի»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ «Ես վերջ եմ դրել ութ պատերազմի։ Եվս մեկը սպասվում է»,- հավելել է Թրամփը։ Մեկ օր առաջ նա ակնարկել էր, որ Ուկրաինայի հարցով կարգավորումը «նույնպես շատ շուտով տեղի կունենա»։