ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Երկրորդ կոմիտեում ընթացող քննարկումների ընթացքում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունների և առանձնահատուկ պայմաններում գտնվող մյուս երկրների առաջնահերթությունների առաջխաղացմանը։
Հայկական կողմը հատուկ ուշադրություն է հրավիրել Ավազայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման, միջազգային օժանդակության ընդլայնման և ՄԱԿ-ի զարգացման համակարգի կարողությունների ամրապնդման անհրաժեշտության վրա։ Միաժամանակ կարևորվել է կայուն և արտաքին մարտահրավերների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային միջոցների ներգրավումը։
Հայաստանը, հանդես գալով որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ զարգացման ֆինանսավորման հարցերով համակարգող, իր աջակցությունն է հայտնել այդ պետությունների համար ենթակառուցվածքային ներդրումների և ֆինանսավորման առանձին մեխանիզմ ձևավորելու հնարավորության ուսումնասիրությանը։
Հայաստանի պատվիրակությունը նաև վերահաստատել է իր հետևողական աջակցությունը փոքր կղզի զարգացող պետություններին՝ ընդգծելով նրանց առանձնահատուկ կարիքներն ու զարգացման առաջնահերթությունները միջազգային օրակարգում պատշաճ ներկայացնելու կարևորությունը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։ Հայկական կողմը շեշտել է, որ անհրաժեշտ ջանքեր են գործադրվելու՝ ապահովելու առանձնահատուկ իրավիճակներում գտնվող պետությունների առաջնահերթությունների լիարժեք արտացոլումը համաժողովի օրակարգում և քննարկումներում։
Միաժամանակ Հայաստանը հայտարարել է, որ ստանձնելու է առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող պետությունների ներկայացուցիչների՝ COP17 համաժողովին մասնակցության ֆինանսավորումը։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: