Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Կան սյուր Մեր քաղաքի Ռենուարի թանգարանից չորս կտավների գողության հետաքննության ընթացքում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնցից երկուսը ենթադրաբար անմիջականորեն մասնակցել են հանցագործությանը։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին տեղեկացրել է ֆրանսիական «Նիս Մատեն» առցանց պարբերականը և «Բի Էֆ Էմ Թի Վի» հեռուստաալիքի կայքը։
Ըստ հրապարակումների՝ ձերբակալվածներից երկուսը համարվում են թանգարան ներխուժած և նկարները գողացած ենթադրյալ հանցագործները, հայտնում է Deustche Welle-ն:
Միաժամանակ Ֆրանս պրես գործակալությունը, հղում անելով քննչական մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներին, հայտնել է հինգ անձի ձերբակալության մասին։ Հետաքննությունը համակարգող Մարսելի դատախազությունը տեղեկությունների հրապարակման պահին դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։
Իրավապահ գործողություններն իրականացվել են Ֆրանսիայի մի շարք վարչական շրջաններում՝ Ծովափնյա Ալպեր, Վար, Էրո և Դու դեպարտամենտներում։ Կասկածյալներից մի քանիսը ձերբակալվել են Լազուրե ափին գտնվող Ռոկբրյուն Կապ Մարտեն քաղաքում, ինչպես նաև Ֆրեժյուսում և Սանարի սյուր Մերում։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներին նախատեսվում է հարցաքննել Նիցցայում։ Քրեական գործը քննվում է կազմակերպված խմբի կողմից կատարված գողության հատկանիշներով։
Սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան երկու անհայտ անձ ներխուժել է Ռենուարի թանգարան։ Հանցագործները, նկատելով, որ հայտնվել են տեսահսկման համակարգի տեսախցիկների տեսադաշտում, որոշել են արագ հեռանալ դեպքի վայրից։
Փախուստի ընթացքում նրանք թանգարանի այգում թողել են գողացված չորս կտավներից երկուսը՝ «Տիկին Ստեֆան Պիշոնի դիմանկարը» և «Կոկոն կարդում է» ստեղծագործությունները։ Երկրորդ նկարում պատկերված է նկարչի կրտսեր որդին՝ Կլոդ Ռենուարը, որը հայտնի է եղել Կոկո մականունով։
Այնուամենայնիվ, գողերին հաջողվել է իրենց հետ տանել մյուս երկու ստեղծագործությունները՝ «Տիկին Կոլոննա Ռոմանո» և «Երիտասարդ կինը ջրհորի մոտ» կտավները։ Առկա տեղեկությունների համաձայն՝ այդ նկարները դեռևս չեն հայտնաբերվել։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 4․2 միլիոն եվրո։
Ռենուարի թանգարանի կողոպուտի բացահայտմամբ զբաղվում են ֆրանսիական մի քանի մասնագիտացված իրավապահ կառույցներ։ Հետաքննությանը ներգրավված են Ծովափնյա Ալպերի դեպարտամենտի դատական ոստիկանության միջգերատեսչական ծառայությունը, Նանտերում գործող մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնական վարչությունը, ինչպես նաև Մարսելի մասնագիտացված միջտարածաշրջանային դատական մարմինը։
«Նիս Մատեն» պարբերականի տեղեկություններով՝ նշված կառույցներն իրենց աշխատանքներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում։ Նման մոտեցումը պայմանավորված է ոչ միայն գողության անմիջական կատարողներին հայտնաբերելու, այլև հանցագործության հնարավոր պատվիրատուների հետքերը բացահայտելու անհրաժեշտությամբ։
Դեպքից հետո Կան սյուր Մերի քաղաքապետ Բրյան Մասոնը դատապարտել է կատարվածը՝ ընդգծելով թանգարանի առանձնահատուկ նշանակությունը քաղաքի պատմության և մշակույթի համար։
«Ռենուարի թանգարանի նկատմամբ ոտնձգությունը հարված է Կան սյուր Մերի պատմությանն ու մշակութային ժառանգությանը»,– հայտարարել է քաղաքապետը։
Ռենուարի թանգարանը հիմնադրվել և այցելուների համար բացվել է 1960 թվականին։ Այն տեղակայված է այն առանձնատանը, որտեղ իմպրեսիոնիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Պիեռ Օգյուստ Ռենուարը, անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։
Թանգարանի հավաքածուն չի սահմանափակվում միայն Ռենուարի ստեղծագործություններով։ Այնտեղ ներկայացված են նաև ֆրանսիական արվեստի այլ նշանավոր ներկայացուցիչների՝ Արիստիդ Մայոլի, Պիեռ Բոնարի և Ռաուլ Դյուֆիի աշխատանքները։