Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին։ Հիշեցվեց, որ նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր արտահայտվում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։
«Հայաստանում 600 հազար մարդ աղքատ է, բայց ձեր աշխատավարձը բարձրանում է, մեր սահմանները փոքրանում են, ձեր աշխատավարձը մեծանում է։ Շուրա, իսկ որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար, 2,6 մլն-ը հերի՞ք է, թե՞ էլի է պետք»,- հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հայաստանում 2016 թվականի համեմատ պետական բյուջեն 2025 թվականին 135 տոկոսով աճել է, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել է։ ՀՀ ՀՆԱ-ն վերջին 8 տարիներին աճել է 53,1 տոկոսով»։
Այնուհետեւ Փաշինյանը թվարկեց իրենց իրականացրած փոփոխությունները․ «ՀՀ պետական կառավարման համակարգն այս հաջողություններն արձանագրել է։ Եվ մեզ համար ակնհայտ է, որ այդ հաջողությունները բնականոն ձեւով զարգացնելու համար անհրաժեշտ է պետական կառավարման համակարգում աշխատանքի գրավչությունը մեծացնել։ Այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունն իրացնելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի պետական կառավարման համակարգում կատարողականի հիման վրա վարձատրության համակարգ լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հետեւաբար, ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար հաջողություններ է գրանցել, եւ Հայաստանի պետությունը զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կայացնել այդ որոշումը»,- հավելեց Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: