Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պատմել է, որ դժվար ժամանակաշրջան է ունեցել վնասվածքի պատճառով:

«Հուսով եմ՝ վերջապես վերադառնում եմ մարզումներին և կսկսեմ պատրաստվել խաղերին։ Կարծում եմ՝ վնասվածքի այս փուլն ավարտվեց, քանի որ դա շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար։ Ամեն ինչ սկսվեց առաջին վնասվածքից հետո, որը ստացա «Պոգոնի» դեմ խաղում։ Դրանից հետո ես վերականգնվեցի և պատրաստվեցի նոր մրցաշրջանին սովորականի պես։ Ամեն ինչ հիանալի էր, ես ինձ շատ լավ էի զգում։ Վնասվածքից հետո առաջին անգամ ես պետք է խաղայի մեկնարկային կազմում, բայց հենց հանդիպումից առաջ մարզմանը ես կրկին վնասեցի նույն մկանը։ Բուժզննումները ցույց տվեցին նոր վնասվածք։

Դա շատ դժվար պահ էր ինձ համար, հատկապես՝ հոգեբանական առումով։ Ես ինձ շատ լավ էի զգում, զգում էի, որ վերադարձել եմ լավ մակարդակի։ Իսկ հետո ամեն ինչ նորից կանգ առավ։ Առաջին մի քանի օրերը շատ դժվար էին։ Դրանից հետո ես ստիպված էի ինձ հավաքել և շարունակել պայքարել։ Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի՝ մեր ֆիզիոթերապևտների, բժիշկների և ֆիզպատրաստության մարզիչների օգնությամբ։ Հիմա ես մարզվում եմ խաղադաշտում և շուտով կմիանամ թիմին։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Ես հավատում եմ, որ կմոտենամ ճիշտ ռիթմին»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Weszlo.com-ը:

Վահան Բիչախչյանը նախորդ անգամ հանդիպման մասնակցել է օգոստոսի 2-ին: Վնասվածքի պատճառով կիսապաշտպանը բաց թողեց նաև Հայաստանի հավաքականի նախորդ հավաքը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment