Ավանեսյան․ Հետևում ենք Ռուսաստանում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումներին

Առողջապահության նախարարության օպերատիվ աշխատանքային խումբը մոնիթորինգ է իրականացնում՝ հետևելով Ռուսաստանում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումներին։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Նա տեղեկացրել է, որ նոր տվյալների ստացմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, նախատեսված ընթացակարգով կիրականացվեն համապատասխան կանխարգելիչ գործողություններ, այդ թվում Հայաստան մուտք գործող անձանց նկատմամբ վերահսկողության ուժեղացումն ու ջերմաչափման իրականացումը, հայտնում է Արմենպրեսը:

Նախարարն ընդգծել է, որ համապատասխան տեղեկատվության ի հայտ գալուց անմիջապես հետո գերատեսչությունը գործի է դրել հանրային առողջության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ահազանգերի և կասկածների դեպքում նախատեսված արձագանքման մեխանիզմները։

«Պետք է ասեմ, որ արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբը ակտիվ մոնիթորինգ է իրականացնում՝ թե ինչ է հրապարակվում, ինչպիսի տեղեկատվություն է արդեն իսկ հասանելի»,– ասել է նախարարը։

Ավանեսյանի փոխանցմամբ՝ առողջապահական համակարգն արդեն պատրաստ է անհրաժեշտության դեպքում կիրառելու կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումների ամբողջ գործիքակազմը։ Միաժամանակ նախարարությունը համագործակցություն է իրականացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային գործընկերների հետ՝ հնարավորինս ամբողջական ու հավաստի պատկերացում կազմելու ստեղծված իրավիճակի մասին։

Անդրադառնալով հիվանդության առանձնահատկություններին՝ Ավանեսյանը պարզաբանել է, որ թոքային ժանտախտը ծանր ընթացքով վարակիչ հիվանդություն է։ Այն կարող է մարդուց մարդ փոխանցվել օդակաթիլային ճանապարհով՝ հատկապես սերտ շփման պայմաններում։ Նախարարը նաև զգուշացրել է, որ համապատասխան հակաբիոտիկներով բուժումը ժամանակին չսկսելու պարագայում հիվանդությունը կարող է հանգեցնել մահվան բարձր հավանականության։

«Մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված։ Եվ բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,– ընդգծել է Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը հավելել է, որ օպերատիվ աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև աֆրիկյան մի շարք երկրներում արձանագրվող էբոլայի բռնկումները։ Նրա գնահատմամբ՝ միջազգային զբոսաշրջային հոսքերի և ուղևորափոխադրումների ծավալների աճի պայմաններում հատկապես կարևոր է վարակիչ հիվանդությունների նկատմամբ շարունակական վերահսկողության ապահովումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների ժամանակին իրականացումը։

Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու՝ «Ռոսպոտրեբնադզորի» հակաժանտախտային ծառայության աշխատակցի մոտ մահ է արձանագրվել՝ ժանտախտի թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալացվել է մոտ 200 մարդ, որոնք շփում են ունեցել տվյալ անձի հետ։

Նախնական վարկածի համաձայն՝ վարակումը կարող էր տեղի ունենալ լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող սրվակը։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես չի հաստատվել, իսկ լաբորատոր հետազոտությունները շարունակվում են:

Leave a comment