Փաշինյանը՝ ընդդիմադիրներին․ Ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ (PAN.am)

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավոր Հարություն Հարությունյանի միջև լարված բանավեճ է տեղի ունեցել՝ Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի, ԵԽԽՎ զեկույցի և արտահանձնման հարցերի շուրջ։

Փաշինյանն ասել է, որ ընդդիմության հայտարարությունները վտանգում են ապագայում հնարավոր մոլորված հայ զինծառայողների ճակատագիրը, հայտնում է Factor.am-ը:

«Ես սարսափով եմ մտածում այն օրվա մասին, երբ որ մեր մի զինվոր հանկարծ շփոթվի, մոլորվի, ձմեռ է, մառախուղ է, հայտնվի Ադրբեջանում․ այս մարդիկ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցիալ զինվորին Ադրբեջանում դարձնեն Ուսամա բեն Լադեն։

Ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ․․․ Եթե, Աստված չանի, մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ, և այս ամեն ինչի արտահայտությունը մենք այդ զինվորի վրա տեսանք, այսօրվա ձեր ասած ամեն նախադասությունը քթներիցդ հանելու եմ․․․ Հենց ուղիղ սպառնալիք է»,-ասել է նա:

Հարությունյանն իր հարցադրման մեջ կասկածի տակ է դրել իշխանությունների համարձակությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով ադրբեջանցի զինծառայողին չհանձնելու վերաբերյալ: Նա նաև մատնանշել է ԵԽԽՎ զեկույցը, որտեղ, նրա փոխանցմամբ, արձանագրված են քաղաքական հետապնդումներ և ընտրովի արդարադատություն:

Անդրադառնալով Շաքիի միջադեպին՝ ընդդիմադիր պատգամավորը պնդել է․ «Մոլորված զինվորը 50 կմ չի խորանում, չի գնում մտնում հայ ընտանիքի, հայ օջախի տուն, չի մտնում խոհանոց, զենք չի պահում երեխեքի վրա․․․ Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ»։

Փաշինյանը, հակադարձելով մեղադրանքներին, հորդորել է «գողություն» բառն օգտագործելիս նայել սեփական միջավայրին: Խոսելով Շաքիում հայտնված ադրբեջանցու մասին՝ վարչապետը նշել է, որ նա ինքնակամ լքել է ծառայության վայրը և անցել սահմանը, որտեղ կատարել է հանցագործություն:

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է:

Leave a comment